«Մենք երբեք միմյանց չենք խաբել». Ռոբերտ Քոչարյանը՝ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հարաբերությունների մասին

«Կոմերսանտին» տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի հետ ունեցած իր հարաբերություններին

– Վլադիմիր Պուտինի հետ Ձեր ընկերությունը հայտնի փաստ է։ Ձեզ համարում են այն քիչ քանակությամբ մարդկանցից մեկը, ում հետ նա իսկապես մտերիմ հարաբերություններ ունի։ Նրանք են Սիլվիո Բերլուսկոնին, Գերհարդ Շրյոդերն ու Դուք։ Ռուսաստանի նախագահը օգոստոսի 31-ին զանգեց ու Ձեզ անձամբ շնորհավորեց ծննդյան օրվա կապակցությամբ։ Շատերի կողմից դա մեկնաբանվեց որպես ցուցադրական աջակցություն այն շրջանում, երբ Ձեր նկատմամն քրեական գործ էին հարուցել։ Դա Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցից քիչ առաջ էր։ Պուտինը Ձեզ աջակցե՞ց, երբ զանգեց։

– Իմ նախագահության 8 տարիներին ու Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին մենք համագործակցել ենք։ Հարաբերությունները բացարձակապես ազնիվ են եղել, արդյունքները՝ շշմեցուցիչ։ Հայաստանում գրեթե չկային ռուսական ներդրումներ։ Այժմ նայեք, թե որքան ռուսական ընկերություններ են մտել հայկական շուկա, լուրջ, խոշոր, հետաքրքիր ընկերություններ։ Ես դեռ չեմ խոսում ռազմատեխնիկական հարաբերությունների մասին։

Իհարկե, ձևավորվեցին նաև անձնական հարաբերություններ։ Մենք երբեք միմյանց չենք խաբել։ Այդ հարաբերությունները շատ անկեղծ են եղել, բաց ու ուղիղ։ Եվ ես, և նա միշտ համարել ենք, որ խնդիրների մասին պետք է ուղիղ խոսել, լուծել դրանք, պայմանավորվել, անհամաձայնությունները հասարակական հարթակ չհանել, իսկ անհամաձայնություն միշտ լինում է։ Հենց որ դրանք դուրս ես բերում դեպի հասարարակական հարթակ, պետք է նույն այդ հանդիսատեսին ապացուցես, թե ով է ճիշտ, ու ով սխալ, իսկ դա շատ է բարդացնում իրական փոխզիջումների փնտրտուքը։ Այդպիսի օրինակներ կան նույն ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների հետ կապված։ Այքան երկարատև համագործակցությունը մեզ մտերմացրեց նաև զուտ մարդկայնորեն։ Մեր շփումները շարունակվել են իմ նախագահության ավրտից հետո ողջ ընթացքում։ Ես չեմ բարձրաձայնել ու չեմ փորձել ինչ-որ կերպ կապիտալիզացնել դրանք։

– Դա արդեն արված է։ Դրանք արդեն հրապարակային են, և ուրեմն նշանակում է, որ կկապիտալիզացվեն։

.-Այո, բայց մենք շփվել ենք իմ նախագահության ավարտից հետո ընկած ողջ ընթացքում։ Ես հսկայական հարգանքով եմ վերաբերվում նրան, զգում եմ, որ որ նրա վերաբերմունքն իմ նկատմամբ նույնն է։ Մենք հարգում ենք միմյանց, հարգում ենք այն աշխատանքը, որը միասին ենք արել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ։ Մեր հանդիպումները, զրույցները երբեք չեն սահմանափակվել Հայաստանի իրավիճակով, դրանք ընդգրկել են հարցերի շատ ավելի մեծ շրջանակ։

– Ի՞նչ է ընկած պետությունների ղեկավարների միջև ընկերության հիմքում։ Դրանք պետք է կամ ինչ-որ ընդհանուր հայացքներ լինեն, կամ միասին անցած այնպիսի ճանապարհ, որը մարդկանց կմտերմացներ։ Ձեր դեպքում դա ի՞նչ է։

-Դա քիմիա է, որը ոչ միշտ կարող ես բացատրել։ Դա կարող է և միասին անցածը լինել, և պարզապես փոխադարձ համակրանքը։ Չեմ կարծում, որ կա մի առանձին գործոն, դա գործունների հանրագումար է, որոնք դրվում են միմյանց վրա ու մարդկանց միջև ստեղծում էմոցիոնալ սիներգիա։ Եվ դա այդ հարաբերությունների համար իր տեսակի մեջ ցեմենտող բաղկացուցիչ է դառնում։

– 1999թ. հոկտեմբերն այդ գործոնների հանրագումարի մեջ ինչ-որ տեղ զբաղեցնո՞ւմ է։ Հոկտեմբերի 30-ին Պուտինը ժամանեց Երևան, ուր նախօրեին խորհրդարանում ահաբեկչական գործողություն էր իրականացվել։ Դա նրա հետ առաջի՞ն շփումն էր։

-Դա առաջին շփումն էր։ Ես չեմ կարող ասել, որ մեզ մոտ առաջին իսկ շփումից ընկերություն ձևավորվեց։ Լուրջ մարդիկ չեն կարող 1-2 շփումից, 2-3 հանդիպումներից հետո ընկերական հարաբերություններ ձևավորել։ Այդպես չի լինում։ Ես «ընկեր» հասկացությանը չափազանց լուրջ եմ վերաբերվում, որ ինչ-որ մեկի հետ 1-2-3 անգամ հանդիպելով՝ ասեմ, որ նա իմ ընկերն է։ Լեզուս չի պտտվի։ Դա տարիներով է ձևավորվում։ Չեմ կարծում, որ մարդը կարող է 100 ընկեր ունենալ։

– Վլադիմիր Պուտինի հետ ծանոթության ո՞ր տարում դուք կարողացաք ասել, որ նա Ձեր ընկերն է։

-Մոտավորապես 2-րդ տարում ես մեր միջև ինչ-որ «քիմիա» զգացի։

– Փոխադա՞րձ։

– Այո, այդ ամենը փոխադարձ է լինում։ Հայաստանը փոքր երկիր է, և եթե քո մեջ վասալության զգացողություն է նստած, ապա երբեք այդ ընկերությունը չի լինի։

– Այսինքն՝ Դուք նրա հետ որպես հավասարը հավասարի պե՞ս եք շփվել։

– Հասկանալի է, որ Ռուսաստանն ու Հայաստանը համադրելի չեն իրենց պոտենցիալով, բայց եթե դու ներքին ազատություն ունես, ապա որպես մարդ՝ դու հարաբերություններ չես ստեղծում փաստացի անհավասար ռեսուրսների ճնշման ներքո։ Սա հաղթահարել շատերի մոտ պարզապես չի ստացվում։ Ես տարբեր գագաթաժողովների ժամանակ տեսել եմ, թե ինչպես են փոքր երկրների շատ ղեկավարներ պտտվում ԱՄՆ նախագահի շուրջը։ Դե չի կարող այդտեղ ընկերություն լինել։ Այդըեղ կարող են լինել ինչ-որ վասալային հարաբերություններ։ Եթե մենք խոսում ենք ընկերության մասին, ապա պետք է խոսենք անձնական հարաբերությունների մասին, այս կամ այն նախագահի թիկունքին կանգնած պետությունների չափերից անկախ անհատական հարաբերությունների մասին։

Չէ՞որ ակնհայտ է՝ սիրաշահո՞ւմ է նա խոշոր տերության նախագահին, պտտվո՞ւմ է նրա շուրջը, թե՞ կա ներքին արժանապատվություն ու ընկալում, որ երկրներն անհավասար են, բայց անձնական պլանում դու այնքան ազատ ես, որ պատրաստ ես մարդու հետ անձնական հավասար հարաբերությունների։ Եվ այն, որ նա հսկայական, մեծ ու ուժեղ երկրի նախագահ է, չի ճնշում քո անձնական ազատությունը, այդ հարաբերություններում  ինքդ քո դերի անձնական ընկալումը։

– Դուք կարո՞ղ եք վերցնել հեռախոսն ու զանգել Վլադիմիր Պուտինին։ Հոկտեմբերին նրա տարեդարձն է։

– Տեխնիկապես դա դժվար է։ Դա բաց կապ է, չես խոսի։ Ես բավականին հաճախ եմ լինում Մոսկվայում և որպես կանոն, օգտագործել եմ այդ հնարավորությունը։

– Եվ հոկտեմբերին Դուք… Մի րոպե, չէ՞ որ Դուք այժմ չեք կարող դուրս գալ երկրից ու գնալ նրա ծնունդին։

– Դա ակնհայտ խնդիր է, քանի որ ես անձեռնմխելիության հիմքով դատարանի վճռով ազատվել եմ, բայց այնուամենայնիվ, անձնագիրս ինձ չեն վերադարձնում ու ասում են, որ ես երկրից դուրս գալ չեմ կարող։ Բացարձակապես անօրինական է։ Անընդհատ երկրում օրինականության վերականգնման մասին խոսող իշխանությունը իրեն ծայրահեղորեն հակառակ կերպով է պահում։ Իմ ողջ կյանքը պայքարի մեջ է անցել, դրա համար էլ ես չեմ տրտնջում։ Ինչը չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։ Այս հայտնի արտահայտությունը կյանքում միշտ իմ կարգախոսն է եղել։

– Կարելի՞ է ասել, որ Դուք ու Վլադիմիր Պուտինը համախոհներ եք, որ իրերին միատեսակ եք նայում։

– Աշխարհընկալումը բավականին նման է։

– Դուք Պուտինի հետ «դու»-ով ե՞ք խոսում։

– Չեմ ուզում այդ թեման քննարկել։ Պարզապես դա հանրային հարթակ նետվեց։ Այդ զանգը լուրջ աջակցություն էր, բայց ես երբեք այդ հարաբերությունները չեմ բարձրաձայնել։

– Ձեր առաջին շփումը 1999-ին…

– Դա ֆորմալ շփում էր։

– Հասկանում եմ, բայց հոկտեմբերի 30-ին նա Երևան եկավ, իսկ դրանից մի քանի օր առաջ Դուք Խորհրդարանը գրաված ահաբեկիչների հետ բանակցություններ էիք վարում։ Վլադիմիր Պուտինը հայտնի է նրանով, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չի վարում։ Սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ։ Մեկը չի բանակցում, ոչնչացնում է ահաբեկիչներին, իսկ մյուսն անձամբ գնաց ահաբեկիչների հետ խոսելու։ Դուք ընդհանրապես երբևէ նրա հետ քննարկե՞լ եք այդ ողբերգական միջադեպը։

– Ոչ, չենք քննարկել։ Այն ժամանակ նա նոր էր Ռուսաստանի վարչապետ նշանակվել, պատվիրակությամբ եկել էր թաղման արարողությանը մասնակցելու։ Դա զուտ ֆորմալ հանդիպում էր, առաջին ծանոթությունը, առաջին ձեռքսեղմումը։ Ոչ մի այդպիսի բան չենք քննարկել։ Ինչ վերաբերում է ահաբեկիչների հետ բանակցություններ վարելուն, ապա պետք է ռեալ գնահատենք այն իրավիճակը։ Այն ժամանակ 80-ից ավել պատգամավորներ պատանդի կարգավիճակում էին։ Եվ դա այն դեպքն էր, երբ եսիմ կյանքի կրեդոյի շրջանակներում պարզապես չէի կարող կողքից նայել դրան։ Ես տեսնում էի, որ դրանով զբաղվող չկա։ Նրանք, ովքեր պետք է դրանով զբաղվեին, պարզապես փախել էին։ Ես ինձ վրա վերցրի այդ պատասխանատվությունը, և եթե այդ բանակցությունների արդյունքում էլի ինչ-որ մեկը զոհվեր, ապա այդ ամենի մեղավորը ես կհռչակվեի։ Ինչ որ տեղի է ունենում այժմ, նույն այդ կրեդոյի շրջանակներում է՝ վերցրու քեզ վրա պատասխանատվությունը, անտարբեր մի եղիր, եթե զգում ես, որ պարտավոր ես դա անել։ Եթե ոչ դու, ապա ո՞վ…

Տեսանյութեր

Լրահոս