Բաժիններ՝

Հանրաքվեն Մակեդոնիային կօգնի անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին. Պենտագոնի ղեկավար

Սկոպիեի եւ Աթենքի պայմանագրով Մակեդոնիայի վերանվանման շուրջ հանրաքվեն կարեւորագույն քայլ է հանրապետության պատմության եւ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամագրվելու ճանապարհին նրա առաջընթացի գործում: Այդ մասին Սկոպիե կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:

Այսօր ավելի վաղ Մեթիսը հանդիպում է անցկացրել Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւի եւ պաշտպանության նախարար Ռադմիլա Շեկերինսկու հետ, ինչից հետո հայտարարություն է արել մամուլի ասուլիսում:

«Առաջիկա հանրաքվեն կարեւորագույն իրադարձություն է ձեր ազգի պատմության մեջ: Քաղաքացիները պետք է օգտագործեն իրենց ժողովրդավարական իրավունքը եւ քվեարկեն հանրաքվեում, որը պատմական նշանակություն ունի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին Մակեդոնիայի հետագա առաջընթացի համար, ինչում նա ունի ԱՄՆ-ի աջակցությունը»,- հայտարարել է Մեթիսը մամուլի ասուլիսում, որից տեսանյութ է զետեղել Մակեդոնիայի լրատվական գործակալությունը:

«Վերջերս դուք նշեցիք (1991 թվականի անկախության) հանրաքվեի տարեդարձը, որտեղ քաղաքացիների 95 տոկոսից ավելին արտահայտվեց երկրի անկախության օգտին: Երկու շաբաթ անց ձեր քաղաքացիները երկիրն առաջ տանելու եւս մեկ հնարավորություն կստանան»,-նշել է Մեթիսը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հուլիսի 11-ին կազմակերպության՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում հայտնել էր, որ բոլոր 29 անդամ երկրների ղեկավարները պաշտոնապես հրավիրել են Մակեդոնիային՝ անդամակցելու դաշինքին:

Նա ճշտել է, թե այն բանից հետո, երբ «Մակեդոնիան անհրաժեշտ փոփոխություններ կմտցնի Սահմանադրության մեջ, կարելի կլինի երկրին պաշտոնապես հրավիրել անդամակցելու ՆԱՏՕ-ին նոր՝ Հյուսիային Մակեդոնիայի Հանրապետություն անվանումով»: ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրության ստորագրումից հետո հարկ կլինի, որ այն վավերացվի դաշինքի բոլոր 29 երկրների խորհրդարանների կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս