Փարիզյան անսպասելի այցի չբացահայտված օրակարգը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր, պլանավորված չէր։ Առավել ևս, որ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերի շրջանակում դեռ շատ վաղուց, մինչ հայաստանյան թավշյա հեղափոխությունը պլանավորված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը։

«168 Ժամը» մինչ Փաշինյանի աշխատանքային այցը տեղեկություններ էր հրապարակել անսպասելի այցի մասին, հատկապես, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Բրյուսելում էր հանդիպել, և այս ընթացքում նոր օրակարգ չէր ձևավորվել։ Մեր տեղեկություններով՝ իրականում հրատապ ու անսպասելի այս այցը պայմանավորված էր ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի դեմ օրեր առաջ հարուցված քրեական գործով և դրա շուրջ ստեղծված աղմկահարույց գործընթացներով։ Ֆրանսիայի իշխանությունները փորձում էին հասկանալ՝ ի՞նչ նպատակներ է հետապնդում Փաշինյանի գլխավորած կառավարությունը ֆրանսիական խոշոր այդ ընկերության հանդեպ նման կոշտ քայլեր ձեռնարկելով, և հատկապես՝ գագաթաժողովից և Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցից առաջ։

Կրկին հիշեցնենք, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության համաձայն՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ևս 7 պաշտոնատար անձանց համար Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ տոմսեր է գնել, ինչից հետո ջրի սակագինը բարձրացվել է 11.414 դրամով՝ 180-ից հասնելով 191 դրամի։

«Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն հրավիրած ասուլիսում ոստիկանության առաջադրած մեղադրանքների հետ կապված հայտարարել էր, որ դրանք անհիմն և շինծու են, և իրենց դեմ արշավ են իրականացնում այն մատակարարները, որոնք մրցույթում չեն հաղթել ու չեն համագործակցել իրենց հետ, ինչպես նաև այն աշխատակիցները, որոնց իրենք հեռացրել են ընկերությունից:

Մեր այս հրապարակմանը, իհարկե, շտապեց անդրադառնալ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ասելով, թե այդ այցն առնչություն չունի «Վեոլիա ջուր» ընկերության հետ, և որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս Բրյուսելում։ Ինչ խոսք, ԱԳՆ մամուլի քարտուղարի հերքման փորձի այս արձագանքը սպասելի էր, և դա բոլորովին չի նշանակում, թե մեր տեղեկությունները սխալ էին։ Առավել ևս, եթե Բրյուսելում Փաշինյանի թիմը նման պայմանավորվածություն ձեռք բերեր, ապա օր ու գիշեր թմբկահարած կլինեին կամ գոնե 20 օր ժամանակ կունենային լրագրողների համար վիզա ձեռք բերելու համար, ոչ թե կփնտրեին վիզա ունեցող լրագրողներ, որպեսզի ապահովեին այցի լուսաբանումը։ Այնպես որ, ԱԳՆ գործելաոճում ոչինչ չի փախվել, թափթփվածությունն է ավելացել։

Վերադառնանք այցի օրակարգին։

Նույն Տիգրան Բալայանն ասուլիսում հայտարարել էր՝ «Այցի օրակարգը հագեցած է, Հայաստանը Ֆրանսիայի հետ տարբեր ոլորտներում սերտ հարաբերություններ ունի։ Երկրների միջև մոտ քառասուն պայմանագիր կա կնքված։ Ֆրանսիայի աջակցությամբ Հայաստանում բազում ծրագրեր են իրականացվում»։ Վերջին երկու մտքերը ճիշտ է ասում։
Հուլիսի 11-ին Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջում այդ հանդիպման մասին գրված է.

«Վարչապետը հավելել է, որ Հայաստանում գործարարության համար ստեղծված են հավասար պայմաններ, և համոզմունք հայտնել, որ նոր պայմաններում նոր խթան կստանան նաև հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան և մասնակցությունը գագաթաժողովին այդ կարևոր միջոցառումն առավել հնչեղ կդարձնի թե՛ Հայաստանի և թե՛ ողջ ֆրանկոֆոն համայնքի համար։

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով հանգուցալուծումը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական: Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով, և հույս է հայտնել, որ Հայաստան կատարելիք այցի ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել հայ-ֆրանսիական կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցերն ու նախագծերը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, և հավելել, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել՝ որպես ոտնձգություն ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ» (և ոչ մի խոսք Փաշինյանին Փարիզ հրավիրելու մասին.- Ա.Վ.):

Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածում Մակրոն-Փաշինյան հանդիպման և քննարկող հարցերի շրջանակի մասին։ Կարող եք ասել, որ Բրյուսելյան հանդիպման հաղորդագրության և այս տեքստի միջև որոշ ձևակերպումների փոփոխություն է արվել, լուսանկարներն են տարբեր, մնացյալը նույնն է.

«Նշելով, որ ընդամենը մեկ ամիս անց պետական այցով ժամանելու է Հայաստան` Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Նիկոլ Փաշինյանը նշել է` իրենց արդեն երկրորդ հանդիպումը վկայում է այն մասին, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ապահով ձեռքերում են և շարունակելու են ընդլայնվել և խորանալ՝ ի շահ երկու երկրների։ …Վարչապետը կարևորել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը և հավելել, որ այն ՀՀ անկախությունից ի վեր Երևանում կայացող կարևորագույն իրադարձություններից մեկն է: …Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ և կարևորել դրա կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձեռքբերմանը հասնելու համար»:

Ինչպես նկատեցիք՝ փարիզյան այցի օրակարգն ըստ պաշտոնական հաղորդագրության ընդհանրապես չէր տարբերվում Փաշինյան-Մակրոն բրյուսելյան հանդիպման օրակարգից։ Նույնիսկ այցի մասին պատմող հեռուստառեպորտաժները զուրկ են բովանդակությունից։ Քննարկման իրական հարցերն այլ են եղել, որոնք արտացոլված չեն պաշտոնական լրահոսում։ Ավելին, նախապես պլանավորված այցերի օրակարգերն այլ պրոտոկոլային միջոցառումներ են ենթադրում։ Օրինակ՝ երկու ղեկավարների համատեղ ասուլիս, ինչպես եղավ տարածաշրջանային այցի շրջանակներում Մերկելի՝ Հայաստան այցի ժամանակ, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ։ Հարցի մյուս կողմն է, որ Վրաստանը, օրինակ, Մերկելի այցից ձեռքբերումներ ունեցավ, իսկ Հայաստանը՝ ոչինչ, ընդամենը վարչապետի ու որոշ քաղաքացիների հետ սելֆիներ Հյուսիսային պողոտայից։

Սովորաբար, նման այցերի դեպքում օֆիցիալ տրվող ճաշին նախորդում է բանակցային գործընթաց, պաշտոնական լուրջ հանդիպումներ, եզրափակիչ համատեղ ասուլիս։
168.am-ի տեղեկություններով՝ բացի ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակից, քննարկվել է նաև հայկական զորքի՝ ռուսական զորքի կազմում Սիրիայում տեղաբաշխման հետ կապված հարցը, որի մասին հայտարարել էր Փաշինյանը իր հանրահավաքներից մեկում՝ որպես աննախադեպ նախագիծ, և որը փորձագետները գնահատեցին՝ որպես Փաշինյանի կողմից ՌԴ նախագահ Վ. Պուտինին սիրաշահելուն ուղղված հերթական քայլ։ Իսկ Ֆրանսիան Սիրիայում ունի պատմական շահեր, և այդ հարցը հնարավոր չէր շրջանցել։

Ի դեպ, փարիզյան այցի պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (CEPA) փաստաթղթի, ԵՄ շրջանակներում սպասվող գործողությունների, ծրագրերի, ռեֆորմների մասին։ Առավել ևս, որ Ֆրանսիան դեռևս չի վավերացրել այն։ Հարց, որը Հայաստանի համար չափազանց կարևոր է։

Հիշեցնենք, որ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսելով Փաշինյանի կոշտ հայտարարության մասին, ըստ որի` հեղափոխության ժամանակ հնչած ոգևորիչ տոնայնությամբ հայտարարությունները պետք է լինեն համարժեք ԵՄ-ի կողմից աջակցությանը, ասել էր, որ իրենք բաց են լսել հայկական կառավարության ակնկալիքները, սակայն կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում նա պարզ հարց է տալիս՝ ի՞նչ եք սպասում մեզանից. «Մենք ցանկանում ենք հայկական մեր գործընկերներից հստակ գաղափարներ լսել՝ ի՞նչ ձևով, ինչպե՞ս ԵՄ-ն կարող է օգնել»։

Կարճ ասած՝ ԵՄ-ն հենց այնպես գումար չի տալիս որևէ մեկին, արժեքավոր ծրագրեր ներկայացրեք, իրական քայլեր կատարեք՝ տանք։

Մի լրացում էլ. այսօր Փաշինյանը լրագրողների դրդմամբ բացել էր փարիզյան այցի «չբացահայտված» օրակարգից մի դրվագ. մանրամասներ է ներկայացրել Փարիզում իր կեցավայրում տեղի ունեցած «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլի և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնի հետ հանդիպումից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները:

Հ.Գ. Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ֆրանսիայան հարաբերությունների համընդգրկուն օրակարգն ավելի մանրամասնորեն քննարկել Ֆրանսիայի նախագահի` Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս