«Վեոլիա Ջուրը»՝ Փաշինյանի՝ Փարիզ անսպասելի այցի պատճա՞ռ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր նաև իր աշխատակազմի համար։
«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Իսկ սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:
«Արմենպրեսը» փորձել է այցի մասին այլ մանրամասներ ճշտել ՀՀ կառավարությունից: Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմն այցերի մասին տեղեկատվություն տրամադրում է այցերից միայն մեկ-երկու օր առաջ:
Ի դեպ, նախօրեին ՀՀ վարչապետի աշխատակազմը փորձում էր արագացված կարգով կազմակերպել նաև Փաշինյանի հետ այցը լուսաբանելու նպատակով Փարիզ մեկնող լրագրողների ցանկը։ Սովորաբար նման այցերի դեպքում հավատարմագրված լրագրողների վիզաների հարցը 20-օրյա ժամկետում է արվում, իսկ այս դեպքում, թերևս, այնքան անսպասելի է եղել և չպլանավորված, որ աշխատակազմից փորձում էին այցը լուսաբանելու ցանկում ներգրավել նրանց, ովքեր ունեն վիզաներ։
«168 Ժամի» տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին իսկապես Փարիզ հրավերն անսպասելի է եղել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Բրյուսելում էր հանդիպել, այնպես որ, այս ընթացքում նույնիսկ օրակարգ չէր ձևավորվել։ Իրականում հրատապ ու անսպասելի այս այցը պայմանավորված է ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի դեմ օրեր առաջ հարուցված քրեական գործով։ Ֆրանսիայի իշխանությունները փորձում են հասկանալ՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում ՀՀ նոր իշխանությունները ֆրանսիական խոշոր այդ ընկերության հանդեպ նման քայլեր ձեռնարկելով, և այն էլ՝ գագաթաժողովից և Ֆրանսիայի նախագահի ՀՀ այցից առաջ։
Հիշեցնենք, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության համաձայն՝ «Վեոլիա ջուրը» կաշառք տալու դիտավորությամբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի և ևս 7 պաշտոնատար անձանց համար Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ տոմսեր է գնել, ինչից հետո ջրի սակագինը բարձրացվել է 11,414 դրամով՝ 180-ից հասնելով 191 դրամի։
«Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն օրեր առաջ հրավիրած ասուլիսում ոստիկանության առաջադրած մեղադրանքների հետ կապված պարզաբանումներ էր ներկայացրել և հայտարարել, որ իրենց դեմ արշավ են իրականացնում այն մատակարարները, որոնք մրցույթում չեն հաղթել ու չեն համագործակցել իրենց հետ, ինչպես նաև այն աշխատակիցները, որոնց հեռացրել են ընկերությունից:
ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ իր հերթին՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե համամիտ չէ «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ, որ ոստիկանության մեղադրանքը շինծու է, անհիմն։
Իշխանությունները, բնականաբար, կփորձեն այս այցը փաթեթավորել և ներկայացնել՝ որպես Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված այց, այնինչ նախապատրաստական աշխատանքներով՝ տեխնիկական այդ հարցերով պետք է զբաղվեն ոչ թե երկրի ղեկավարները, այլ Արտգործնախարարությունները՝ թեկուզև նախարարների մակարդակով։ Այնպես որ, սա չի կարող հանդիսանալ հրատապ հանդիպման պատճառ։
Երկրորդ պատճառ կարող էր լինել Արցախյան հիմնահարցի կարգավորումը, սակայն այդ հարցում որևէ առաջըթաց և սրացում չկա։
Եվ, երրորդ պատճառ կարող էր հանդիսանալ այն, որ գուցե ֆրանսիական կողմին նաև անհանգստացրել է այն տեղեկատվությունը, որ կապված է հայկական զորքի՝ ռուսական զորքի կազմում Սիրիայում տեղաբաշխման հետ, որովհետև հայտնի է, որ Ֆրանսիան, ինչպես եվրոպական այլ երկրներ, հակադիր շահեր, մոտեցումներ ունի Սիրիայում, քան Ռուսաստանինն է։