Մի քանի օր անց մենք ներկա ենք լինելու ազատ, անկախ և թափանցիկ ընտրությունների. Հայկ Մարությանը` «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը վստահ է, որ սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի են ունենալու ազատ, անկախ և թափանցիկ արտահերթ ընտրություններ: Հայկ Մարությանը Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց, որ հայ ժողովուրդը ներկայումս ապրում է պատմական շրջանում:
«Ընդամենը մի քանի օր անց մենք ներկա ենք լինելու ազատ, անկախ և թափանցիկ ընտրությունների: Դա հնարավոր դարձավ միայն ձեր շնորհիվ, դա հնարավոր դարձավ այն հեղափոխության շնորհիվ, որը արել է ամբողջ հայ ժողովուրդը: Այսօր կան մարդիկ, որ մտածում են իրենց մտքի ծայրով, որ կարող են մեր ժողովրդից խլել այս հաղթանակը: Ձեր կողմից, իմ կողմից և ամբողջ ժողովրդի կողմից՝ չեն կարող դա անել, և այս հարցում մենք միասնական ենք»,- ասաց Մարությանը:
Նրա խոսքով`«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների մեջ ներգրավված են մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ պայքարել են այսօրվա համար:
«Այստեղ ներգրավված են մարդիկ, ովքեր բարձրակարգ մասնագետներ են, և, ամենակարևորը, «Իմ քայլը» դաշինքի ավագանու բոլոր թեկնածուները ապրել են և ապրելու են Երևանի հոգսերով և ապագայով»,- ասաց Մարությանը: