Էրդողանի առաջիկա այցը Բեռլին համարվում է խիստ ռիսկային և վտանգավոր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-27-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելուց հետո մեկնելու է Գերմանիա: Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:
Ըստ ermenihaber.am-ի՝ նշվում է, որ Էրդողանի այցին ընդառաջ անվտանգության միջոցների ձեռնարկման այդօրինակ ծավալները համեմատելի են 2002թ. միջոցառումների հետ, երբ Բեռլինում էր գտնվում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Թուրքիայի նախագահի բեռլինյան այցը դասվում է ամենաշատ ռիսկեր պարունակող և վտանգավոր այցը 2002 թվականից հետո:
Քննարկվում է անգամ Գերմանիայի մայրաքաղաքում արտակարգ դրություն հայտարարելու տարբերակը, քանի որ Էրդողանի այցի ժամանակ հավանական են դիտվում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիր խմբերի, Գերմանիայի ձախակողմյան ուժերի ցույցերն ու բողոքի միջոցառումները:
Էրդողանի այցի ժամանակ Բեռլինում հասարակական կարգուկանոնը պահպանելու համար ծառայության մեջ է լինելու ավելի քան 10.000 ոստիկան: Անգամ առաջարկվել է հետաձգվել սեպտեմբերի 28-ին Բեռլինի օլիմպիական ստանդիոնում անցկացվելիք ֆուտբոլային հանդիպումը: