«Եթե պարոն Փաշինյանը կարողանա գոնե այդ զենքի ու զինամթերքի ծավալի կամ պայմանների 10-15%-ով զենք և զինամթերք բերել Հայաստան, մենք փայլուն չէ, լավ կգնահատենք հայ-ռուսական հարաբերություններն իր օրոք»

Հարցազրույց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուաւրդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոսկովյան այցից հետո հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Ձեր  կարծիքով՝ խնդիրներն իրո՞ք հարթվել են:

– Նախ՝ պետք է  նշեմ, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն լուրջ հիմքեր, և իրավապայմանագրային հիմքը զուտ դաշնակցային է, և մենք չունենք որևէ այլ երկրի հետ նման իրավապայմանագրային հիմք: Եվ առնվազն տարօրինակ է, երբ վարչապետ Փաշինյանն իր իշխանության ընթացքում որևէ պայմանագիր չստորագրած, իրավապայմանագրային հիմք չստեղծած, հայտարարում է, որ Երրորդ Հանրապետության ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել: Միգուցե «փայլուն» բառի բովանդակությունը մենք և պարոն Փաշինյանը տարբեր կերպ ենք ընկալում, բայց ես առիթ ունեցել եմ նշելու, որ առնվազն տարօրինակ և հակասական է նրա ելույթի սկզբնամասը և ֆեյսբուքյան գրառումը: Նա ելույթի սկզբում նշել է, որ կան հարցեր հայ-ռուսական հարաբերություններում և, եթե չլինեն հարցեր, նշանակում է, հարաբերություններ չկան, իսկ արդեն հանդիպումից հետո նշում է, որ փայլուն են: Հիմա փայլո՞ւն են, թե՞ հարցեր չկան, և հարաբերություն չկա:

– Բացառո՞ւմ եք, որ քննարկել և լուծել են:

– Դե, մի շարք հարցեր կային, և արդյունքը պետք է տեսնենք, ոչ թե հայտարարությամբ: Ես մի բան նշեմ՝ մեր իշխանության տարիներին նույնիսկ մենք չենք ասել, որ փայլուն են հարաբերությունները, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի նախագահության վերջին 5-6 տարիների ընթացքում շատ մատչելի գներով, շատ դեպքերում նաև ձրի մենք ստացել ենք լուրջ քանակությամբ զենք և զինամթերք Հայոց բանակի համար: Շատ լո՛ւրջ քանակությամբ և ներքին գործարանային գներով: Դա իրականացվել է նախագահ Սարգսյանի անմիջական գործունեության ընթացքում: Եթե պարոն Փաշինյանը կարողանա գոնե այդ զենքի ու զինամթերքի ծավալի կամ պայմանների 10-15%-ով զենք և զինամթերք բերել Հայաստան, մենք փայլուն չէ, լավ կգնահատենք հայ-ռուսական հարաբերություններն իր օրոք: Բայց ես չունեմ տվյալներ՝ նա կարողացե՞լ է այդ հարցը լուծել, կամ այս ընթացքում ի՞նչ է արել:

Մենք «Իսկանդերից» մինչև տարբեր տեսակի զենքեր բերել ենք, և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հիմքը ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունն է, որովհետև մեզ համար ամենաէականն անվտանգության հարցերն են, Արցախի հարցն է, և պարզ է, որ ՀԱՊԿ մտել ենք զուտ այն հիմնական պատճառով, որ այնտեղ Ռուսաստանն է:

Կենացներ ասելով չէ, որ փայլուն է: Եթե փայլուն լինեին, Ռուսաստանն այսօրվանից պետք է դադարեցներ Ադրբեջանին զենքի մատակարարումը, Միքայել Հարությունյանը պետք է շղթայակապ վերադառնա Հայաստան, ոչ թե Ռուսաստանը դադարեցնի նրա հետախուզումն իր տարածքում, ՀԱՊԿ-ի հետ կապված թնջուկը պետք է լուծված լիներ, Ռուսաստանը պետք է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցումը որպես դիտորդ թեման վերջնականապես փակեր: Կա՞ այդ թեման, թե՞ չկա: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում մարդկանց մտքով չէր կարող նույնիսկ անցնել, որ Ռուսաստանում կարող են քննարկել Ադրբեջանի ՀԱՊԿ անդամակցումը՝ որպես դիտորդ: Այսինքն՝ եթե խոսում ես, որ Երրորդ Հանրապետության ընթացքում սա ամենափայլուն հարաբերություններն են, եղբա՛յր, սա կենացներով չի, սա փաստերով է: Ես ընդամենը մի էպիզոդ եմ ասում՝ զենքի և զինամթերքի մատչելի գներով և մեծ ծավալներով ստացումը Ռուսաստանից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս