Ավելացնել մետրոյի կայարանների թիվը. ՀՅԴ-ն ներկայացրել է ավագանու ընտրությունների իր ծրագիրը
«Դաշնակցությունը» տարածել է ավագանու ընտրություններում կուսակցության ներկայացրած ծրագիրը։
Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ նախընտրական ծրագիրն ամբողջությամբ.
«Հանուն ժամանակակից եւ զարգացող Երեւանի՝
• ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ,
• կիրառել անվտանգ երթեւեկության ժամանակակից մեխանիզմներ, բեռնաթափել երթեւեկությունը,
• վերականգնել եւ զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը,
• ավելացնել մետրոյի կայարանների թիվը (Աջափնյակ),
• կարգավորել վթարային շենքերի հիմնախնդիրը, ամրապնդել սեյսմիկ անվտանգության մեխանիզմները,
• ներդնել բնակֆոնդի արդյունավետ կառավարման մեխանիզմներ,
• վերազինել վերելակները˒ կարգավորել վերելակային տնտեսության անվտանգ շահագործման հետ կապված խնդիրները˒
• ստեղծել մայրաքաղաքի հասարակական կարգը եւ քաղաքային գույքը պահպանող համայնքային (մունիցիպալ) ոստիկանություն.
Հանուն կանաչ եւ գեղեցիկ Երեւանի՝
• պահպանել եւ ավելացնել այգիները, կանաչ գոտիները, ջրավազանները, շատրվանները,
• Հրազդանի կիրճը, Հաղթանակի այգին եւ նրան հարող տարածքը սահմանել որպես բնապահպանական գոտի,
• Երեւանյան լիճը եւ նրան հարող տարածքը վերածել համաքաղաքային նշանակության հանրային հանգստի, կանաչ գոտիների,
• կրկնապատկել կանաչ տարածքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծառատեսակների ընտրությանը.
Հանուն բարեկարգ եւ խնամված Երեւանի՝
• ընդունել եւ գործադրել Երեւան քաղաքի քաղաքաշինական ռազմավարություն,
• խիստ վերահսկողություն սահմանել ճարտարապետաշինարարական գործունեության նկատմամբ,
• կառուցել տրանսպորտային էստակադաներ, շրջանցող ճանապարհային հանգույցներ,
• կառուցել կենտրոնացված բազմահարկ ավտոկայանատեղիներ,
• կասեցնել ապօրինի հողօգտագործումը, կարգավորել ապօրինի շինությունների հիմնախնդիրը,
• կարգավորել աղբահանության խնդիրը, ստեղծել աղբի տեսակավորման եւ էկոլոգիական վերամշակման տնտեսություն,
• ստեղծել բացօթյա տարածքներում առեւտրի հարմարավետ պայմաններ.
Հանուն նոր սերնդի Երեւանի՝
• ընդլայնել մանկապարտեզների ցանցը (թերբեռնված հիմնական դպրոցներին կից բացել նախակրթարաններ),
• բարելավել կրթօջախների շենքային պայմանները եւ նյութատեխնիկական բազան,
• խթանել ՏՏ կրթության կենտրոնների ստեղծումը,
• աջակցել տաղանդավոր եւ շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացման հարցում.
Հանուն մշակութային Երեւանի՝
• պահպանել Երեւանի պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, կանխել մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի խաթարումը,
• ընդլայնել մարմնակրթական եւ գեղագիտական կենտրոնների ցանցը,
• հատուկ ուշադրություն դարձնել արվեստի դպրոցներին եւ մշակութային հաստատություններին.
Հանուն հոգատար եւ արդար Երեւանի՝
• իրականացնել սոցիալապես առավել խոցելի խավերի աջակցության սոցիալական պաշտպանության ծրագրեր,
• մշակել եւ ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ, երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքներին անհատույց կամ ցածր վարձավճարով տրամադրել բնակարաններ,
• ստեղծել տարեցների խնամքի եւ ժամանցի կենտրոններ,
• տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցողների համար ապահովել լիարժեք միջավայր,
• վերանորոգել եւ վերազինել պոլիկլինիկաները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը եւ մատչելիությունը,
• ստեղծել անօթեւանների գիշերային կենտրոններ։
Հանուն համահայկական Երեւանի՝
• ապահովել Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանի ուղղակի կապը սփյուռքի խոշոր բնակավայր քաղաքներից մեկի հետ՝ գործնական˒ տնտեսական եւ մշակութային առումներով˒
• հանդես գալ համահայկական նշանակության միջոցառումների անցկացման նոր նախաձեռնություններով»։