Բաժիններ՝

Հայաստան-Լիխտենշտեյն. 6 եզրափակիչներից առաջինը

Այսօր՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշում Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայում:

Նոր մրցաշար, նոր մարտահրավեր, նոր պայմաններ և մեկ նպատակ՝ ուղեգիր դեպի Եվրո-2020:

Ընկերական խաղերին փոխարինող նոր մրցաշարի 4 դիվիզիոնների 4-ական խմբերում հանդես եկող հավաքականները փորձելու են հաղթել իրենց դիվիզիոններում և նվաճել Եվրո-2020-ի ուղեգիր: Նախ թիմերը կմրցեն խմբերում, իսկ հետո դիվիզիոնի ներսում անցկացվող անցումային խաղերի միջոցով կպարզեն հաղթողին:

Ազգերի լիգայում Հայաստանն ընդգրկված է D դիվիզիոնում: Այս դիվիզիոնում են ընդգրկված նաև Վրաստանի, Ադրբեջանի, Մակեդոնիայի, Բելառուսի, Ֆարերյան կղզիների, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ղազախստանի, Մոլդովայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Կոսովոյի, Անդորրայի, Սան Մարինոյի և Ջիբրալթարի հավաքականները: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D դիվիզիոնի չորրորդ խմբում, որտեղ մրցելու է ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի դեմ: Մինչև նոյեմբեր թիմերը կպարզեն խմբի առաջատարին:

Կարդացեք նաև

Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի ընտրանու հետ համարվում է D դիվիզիոնի 4-րդ խմբի ֆավորիտը: Մակեդոնացիների հետ կհանդիպենք օրերս, իսկ այսօր հավաքականն առաջին խաղում պետք է փորձի 3 միավոր վաստակել Լիխտենշտեյնի հետ խաղում:

Հավաքական վերադարձած գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքով՝ իրենց համար առաջնային նպատակը 3 միավոր վաստակելն է:

Կազմի մասին

«Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են:

Հրայր Մկոյանը չի լինի այս երկու խաղերին: Ամենայն հավանականությամբ, նա կվիրահատվի: Կառլեն Մկրտչյանը վնասվածք չունի, նա իր թիմի վերջին խաղը բաց էր թողել, քանի որ հոգնածություն ուներ և ցանկանում էր հավաքականի խաղերին ավելի պատրաստ լինել:

Շատ էինք ցանկանում, որ հավաքականին միանար Յուրա Մովսիսյանը, սակայն նա այդպես էլ ակումբ չգտավ: Եթե նա ակումբ գտներ և գոնե 2 խաղ անցկացներ, նա կկարողանար միանալ հավաքականին: Այդպե եղավ, օրինակ՝ Հովհաննես Համբարձումյանի դեպքում:

Գաել Անդոնյանը ևս չհրավիրվեց հավաքական, քանի որ չկարողացավ բարձրակարգ ակումբ գտնել և գոնե 2 խաղ խաղալ:

Մեր կարծիքով՝ հիմա մենք ընտրել ենք ամենաօպտիմալ կազմը:

Մի փոքր դիսբալանս կա, քանի որ որոշ ֆուտբոլիստներ շատ ժամանակ են ստանում իրենց թիմերում, ոմանք՝ քիչ: Բայց, ինձ թվում է, որ այստեղ ամենակարևորը հոգեբանությունն է: Այս երկու օրերին ես ֆուտբոլիստներին հոգեբանորեն շատ լավ տեսա: Անցած ընկերական խաղերից հետո ես ասացի, որ ուզում եմ ֆուտբոլիստների մոտ էմոցիա և կրակ տեսնել: Մնում է դա տեղափոխել դաշտ:

Թիմը ինձ համար 60 տոկոսով նոր է, բայց մարզումների ընթացքում ես տղաներին ավելի լավ ճանաչեցի»:

Մրցակիցների մասին

«Մենք մրցակցին շատ լավ ենք ուսումնասիրել և գիտենք իրենց ուժեղ և թույլ կողմերը:

Երկու օր առաջ հանդիպում ենք ունեցել ֆոտբոլիստների հետ և ասել ենք, որ այս առաջնությունում չկան ուժեղ և թույլ թիմեր: Կա թիմ, որ ռեյտինգով թղթի վրա ֆավորիտ է, բայց ամեն թիմ ունի իր ուժեղ կողմերը: Մենք պետք է սահմանափակենք այդ ուժեղ կողմերը և օգտագործենք թույլերը:

Մենք կփորձենք շատ գոլեր խփել, սակայն մեզ համար ամենակարևորը 3 միավորն է»:

Ի՞նչ սպասել խաղերից

«Մենք ունենալու ենք 6 փոքր եզրափակիչ, և շատ կարևոր է, որ դրանցից յուրաքանչյուրը հաղթենք: Մեկ միավորի կորուստն էլ կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնցնել:

Մենք հույսներս պետք է դնենք մեզ վրա: Մեր  միտքը շատ ճկուն է: Մեզ միայն պակասում է այն, որ մեր ճկուն միտքը ճիշտ հունով տանենք: Ուրիշ բաներ չմտածենք և չանենք: Ինքներս մեզ չխաբենք և չխաբենք ֆուտբոլին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս