Քաբուլում երկու պայթյուններից զոհվածների թիվը հասել է 25-ի
Քաբուլի արեւմտյան մասում իրականացված երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի, եւս 95 մարդ վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցչին:
Առաջին պայթյունը տեղի էունեցել սեպտեմբերի 5-ին Քաբուլի արեւմուտքի վեցերորդ ոստիկանական թաղամասի մենամարտերի ակումբում անցկացված մրցումների ժամանակ: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Երկրորդ պայթյունը որոտացել է առաջինից ոչ հեռու: Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկրորդ գրոհն ուղղված էր առաջին միջադեպին արձագանքած իրավապահների դեմ:
Ինչպես գործակալությանը հայտնել է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Խաշմաթ Ստանիկզայը, առաջին պայթյունից զոհվել Է վեց մարզիկ, եւս տասը վերքեր են ստացել: Նաեւ հայտնի է դարձել, որ երկրորդ պայթյունի զոհերի թվում են Tolo News աֆղանական հեռուստաալիքի երկու լրագրողներ, եւս չորս թղթակիցներ տուժել են: Տուժածներից շատերը, ներառյալ յոթ ոստիկան, օրհասական վիճակում են:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է պայթյունների պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: