Էրդողանը կոչ է արել վերջ դնել միջազգային առևտրում դոլարի գերակայությանը
Թուրքայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ տալ միջազգային առևտրում ամերիկյան դոլարի գերակայությանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, Էրդողանը նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիա-Ղրղզստան բիզնես ֆորումի ընթացքում ունեցած ելույթում:
«Անհրաժեշտ է վերջ տալ միջազգային առևտրում դոլարի գերակայությանը՝ օգտագործելով հաշվարկներն ազգային արժույթներում»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ դոլարի հետ կապված համակարգը, որը ստեղծվել է իբրև թե առևտուրը հեշտացնելու համար, ներկայում վերածվել է մեծ խնդրի: «Առևտրային պատերազմները ստիպում են շատ ոլորտներում նոր ռազմավարություն օգտագործել: Արժույթների փոխարժեքի մանիպուլյացիաների նպատակն է ստիպել կասկածել, որ Թուրքիան ուժեղ և առողջ տնտեսություն ունի: Նպատակը Թուրքիայի տնտեսությանը հարված հասցնելն է: Սակայն կառավարության կողմից իրականացված միջոցառումների և Թուրքիայի բնակչության որոշիչ դիրքորոշման շնորհիվ այդ փորձը հաջողություն չունեցավ»,- հայտարարել է Էրդողանը: