ԱՄՆ ՌՕՈւ-ն նախատեսում է մշակել մեծ հեռահարության նոր օդային բազավորման հրթիռ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) մտադիր են ստեղծել օդային բազավորման նոր՝ AFLRW հրթիռ, որի հեռահարությունը գերազանցելու է 1800 կիլոմետրը։ Այն նախատեսված է լինելու ցամաքային, օդային և ծովային թիրախներ խոցելու համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է The War Zone պարբերականը։
Ըստ ՌՕՈւ-ի հայտարարության, որով օգոստոսի վերջին նախատեսվում է հանդիպում անցկացնել պոտենցիալ մշակողների հետ, զինվորականները ցանկանում են ունենալ երկու տարբերակի մեծ հեռահարության զենք՝ «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի։ Մինչև 1850 կմ հեռահարությունը թույլ կտա հրթիռները կիրառել ամենատարբեր մարտական առաջադրանքներում։
«AFLRW նախագիծը կոչված է լուծելու «օդ-երկիր» դասի հաջորդ սերնդի հրթիռների ստեղծման հարցը՝ համապատասխանեցնելով դրանք Պաշտպանության նախարարության առաջնահերթություններին»,- նշված է հայտարարության մեջ։
ԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջնահերթությունը տալիս են այնպիսի մատակարարների, որոնք ունակ են թողարկել լիովին հավաքված, փորձարկված ու օգտագործման պատրաստ զինամթերք, ինչպես նաև կարող են իրենց ձեռքը վերցնել ինչպես համակարգերի նախագծումը, այնպես էլ դրանց արտադրությունը։
Հայտարարության մեջ չի հստակեցվում, թե հատկապես որ տեսակի ինքնաթիռների վրա են պլանավորում տեղադրել AFLRW հրթիռները։
Համեմատության համար նշենք, որ ամերիկյան հինգերորդ սերնդի F-22 Raptor և F-35 Lightning II կործանիչները կարող են արձակել «օդ-օդ» դասի միջին հեռահարության AIM-120D հրթիռներ, որոնց գործողության շառավիղը կազմում է ընդամենը 200 կմ։
Ինչ վերաբերում է «օդ-երկիր» դասի մեկ այլ՝ ներկայումս մշակվող AGM-181A Long-Range Standoff Weapon հրթիռին, ապա այն ստեղծվում է հատուկ ռազմավարական ռմբակոծիչների (օրինակ՝ B-52 Stratofortress-ի և ապագայի B-21 Raider-ի) համար՝ «օդ-մակերևույթ» դասի թիրախներ խոցելու նպատակով։ Սպասվում է, որ դրա հեռահարությունը կհասնի մինչև 2400 կիլոմետրի։

