Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին
«2026 թվականի հունիսի 26-ին անցկացված քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն դիմորդների, ուսուցիչների և ծնողների մոտ։
2026 թվականի հունվար–փետրվար և հունիս ամիսներին անցկացված քիմիայի միասնական քննությունների թեստերի համեմատական մասնագիտական վերլուծությունը/ հանրապետության քիմիայի ուսուցիչների մասնագիտական համայնք/ ցույց է տալիս, որ դրանց միջև առկա է բարդության էական անհամաչափություն։
Հունիսյան թեստում ակնհայտորեն մեծացել է բարձր ճանաչողական մակարդակ պահանջող, բազմաքայլ հաշվարկային և միաժամանակ մի քանի թեմաների ինտեգրում պահանջող առաջադրանքների տեսակարար կշիռը։ Խնդիրը բարձր բարդության առանձին առաջադրանքների առկայությունը չէ, այլ դրանց անհամաչափ խտացումը մեկ թեստում, որի հետևանքով խախտվում է առաջադրանքների բարդության համաչափ բաշխման սկզբունքը։
Արդյունքում քննությունը գնահատում է ոչ միայն առարկայական գիտելիքներն ու կարողությունները, այլև ժամանակային խիստ սահմանափակման պայմաններում արագ և բարդ խնդիրներ լուծելու կարողությունը, ինչը չի հանդիսանում քիմիա առարկայի ուսումնառության ակնկալվող արդյունք։
Միասնական քննության տարբեր փուլերում կիրառվող թեստերը պետք է ապահովեն համարժեք բարդություն և հավասար մրցակցային պայմաններ։ Տվյալ դեպքում նույն պատրաստվածության դիմորդների վերջնական արդյունքը կարող է պայմանավորվել ոչ միայն գիտելիքների մակարդակով, այլև քննաշրջանի ընտրությամբ, ինչը չի համապատասխանում գնահատման արդարության սկզբունքին։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև քննության ընթացքում սովորողների հոգեբանական և ֆիզիկական բարեկեցության ապահովումը։
2025–2026 ուսումնական տարին հռչակվել է որպես «Անվտանգ և ապահով կրթության տարի», որի նպատակն է ապահովել սովորողների անվտանգությունը, բարեկեցությունը և առողջ հոգեբանական միջավայրի ձևավորումը։ Սակայն քննության ընթացքի և դրա շուրջ ձևավորված լարվածության հետևանքով բազմաթիվ սովորողների մոտ արձանագրվել են բարձր սթրեսային վիճակներ, հուզական ծանրաբեռնվածություն, վատ ինքնազգացողություն և ուժեղ անհանգստության դրսևորումներ։ Վտանգի տակ դրվեց սովորողների հոգեկան և ֆիզիկական առողջությունն ու բարեկեցությունը: Ստեղծված իրավիճակի առավել ամբողջական գնահատման նպատակով կարող են ուսումնասիրվել նաև քննական կենտրոններում և հարակից տարածքներում առկա տեսախցիկների տվյալները : Հունիսյան քննության ընթացքում արձանագրված առողջական միջադեպերը, անկախ դրանց պատճառներից, վկայում են, որ թեստերի մշակման ընթացքում անհրաժեշտ է առավելագույն ուշադրություն դարձնել ոչ միայն բովանդակային, այլև քննության հիգիենիկ և հոգեբանական անվտանգության պահանջներին։
Թեև Հայաստանի Հանրապետությունում բնագիտական առարկաների զարգացմանն ուղղված վերջին տարիներին իրականացվել և շարունակում են իրականացվել բազմաթիվ կարևոր ծրագրեր, այդ թվում նաև քիմիա առարկայի ոլորտում։ Եվ դպրոցները աստիճանաբար համալրվում են լաբորատոր գույքով և սարքավորումներով, ներդրվում են նոր կրթական մոտեցումներ, կազմակերպվում են ուսուցիչների վերապատրաստումներ, իրականացվում են կրթական բարեփոխումներ՝ միտված կրթության որակի բարձրացմանը, սովորողների գիտելիքների ամրապնդմանը և գործնական հմտությունների զարգացմանը։
Սակայն ակնհայտ է, որ առկա են նաև գործոններ, որոնք կարող են խոչընդոտել պետական ռազմավարության լիարժեք իրականացմանը։ Որոշ անհատների կամ մոտեցումների արդյունքում երբեմն ձևավորվում են իրավիճակներ, որոնք կարող են նվազեցնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և մասամբ չեզոքացնել պետության կողմից ներդրված ջանքերը,այդ թվում կատարված ֆինանսական ներդրումները։
Միասնական քննությունները, լինելով կրթական համակարգի ամենազանգվածային և ազդեցիկ գնահատման գործիքներից մեկը, էական ազդեցություն ունեն ոչ միայն արդյունքների, այլև սովորողների մոտ առարկայի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման վրա:
Միասնական քննական տարբերակի այսպիսի խճճված, գերբեռնված, ժամանակատար առաջադրանքներով կազմելը և դիմորդներին ներկայացնելը հանդիսանում է այդ խոչընդոտներից ամենաազդեցիկը։ Թեստում առկա էին նաև երկիմաստ ձևակերպումներով առաջադրանքներ,որոնք կարող էին տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ կամ լրացուցիչ ժամանակ պահանջել։ Նման իրավիճակներում սովորողը հաճախ ստիպված է լինում ոչ միայն լուծել խնդիրը, այլ նաև փորձել հասկանալ հարցի ձևակերպման տրամաբանությունը, ինչը կարող է հանգեցնել ժամանակի անհարկի կորստի։
Քննությունների տարբեր փուլերում առաջադրանքների բարդության էական անհամաչափությունը կարող է հանգեցնել սովորողների անհավասար մրցակցային պայմանների և ազդել վերջնական արդյունքների օբյեկտիվության վրա։
Բացի այդ, բազմաթիվ մասնագետների դիտարկումների համաձայն՝
Վերոնշյալ դիտարկումների առավել օբյեկտիվ գնահատման համար հիմք կարող են հանդիսանալ քննությունների արդյունքները։ Խնդրում ենք իրականացնել հունվար–փետրվար և հունիս ամիսների քննությունների արդյունքների համեմատական վերլուծություն։ Առավել հստակ և փաստարկված պատկեր ստանալու նպատակով նպատակահարմար կլինի առանձնացնել այն սովորողներին, ովքեր մասնակցել են երկու քննաշրջաններին։ Նման վիճակագրական ուսումնասիրության արդյունքները կարող են ներկայացնել առավել ամբողջական պատկեր և ծառայել որպես կարևոր հիմք՝ քննությունների համարժեքության գնահատման համար։
Վերոնշյալի հիման վրա առաջարկում ենք՝
- Իրականացնել հունվար–փետրվար և հունիս քննաշրջանների քիմիայի թեստերի մասնագիտական և վիճակագրական համեմատական վերլուծություն։
- Ուսումնասիրել այն դիմորդների արդյունքները, որոնք մասնակցել են երկու քննաշրջաններին՝ գնահատելու համար տարբեր քննաշրջաններում բարդության մակարդակի հնարավոր անհամաչափությունների ազդեցությունը վերջնական արդյունքների վրա։
- Տալ մասնագիտական գնահատական թեստերի բարդության մակարդակին, կառուցվածքային համարժեքությանը, հարցերի ձևակերպումների հստակությանը և գնահատման արդարության սկզբունքների պահպանմանը։
- Քննարկել ցանկություն ունեցող սովորողների համար լրացուցիչ՝ երրորդ փուլին քննության հնարավորություն տրամադրելու հարցը՝ հավասար հնարավորությունների ապահովման նպատակով։
- Ապահովել, որ երրորդ փուլի համար կազմվող թեստը կառուցվածքային և բարդության մակարդակով համապատասխանի հունվար–փետրվարյան թեստի մակարդակին՝ ապահովելով առաջադրանքների հավասարակշռված բաշխում, չափավոր տեսական և հաշվարկային ծանրաբեռնվածություն, ինչպես նաև բացառելով անհամաչափ բարձր բարդության և երկիմաստ մեկնաբանությունների տեղիք տվող առաջադրանքների գերակշռությունը։
- Քննարկել թեստ կազմողների խմբի կազմի վերանայման և ընդլայնման հնարավորությունը՝ գործընթացում ընդգրկելով տարբեր դպրոցների փորձառու ուսուցիչների, բուհական մասնագետների և ոլորտային փորձագետների՝ բազմակարծություն և առավել հավասարակշռված մոտեցումներ ապահովելու նպատակով։
- Ստեղծել մասնագիտական քննարկումների և հետադարձ կապի մշտական հարթակ, որտեղ ուսուցիչները հնարավորություն կունենան քննությունների ավարտից հետո ներկայացնել իրենց մասնագիտական դիտարկումները, առաջարկները և արձանագրած խնդիրները։
- Կազմակերպել բաց մասնագիտական քննարկումներ ուսուցիչների, ոլորտային մասնագետների և պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, քանի որ բազմաթիվ ուսուցիչներ և սովորողներ ունեն դիտարկումներ թեստերի բովանդակության, բարդության աստիճանի, թեստում տեղ գտած սխալների, հարցերի ձևակերպումների, թեմաների խաչաձևման, ժամանակատարության և այլ խնդիրների վերաբերյալ։ Նման քննարկումները կարող են նպաստել քննությունների որակի բարձրացմանը և հետագայում նման իրավիճակների կանխարգելմանը։
Մեր նպատակն է սովորողների շահերի պաշտպանությունը և այնպիսի պայմանների ապահովումը, որոնց դեպքում յուրաքանչյուր սովորող կունենա իր գիտելիքներն արդար և հավասար պայմաններում ներկայացնելու հնարավորություն։ Միաժամանակ կարևոր ենք համարում հանրակրթական համակարգում քիմիա առարկայի հեղինակության, դիրքի և զարգացման պահպանումն ու ամրապնդումը, ինչպես նաև ուսուցչի աշխատանքի, մասնագիտական ներդրման և կրթական գործընթացում նրա կարևոր դերի պատշաճ արժևորումը։

