Եթե ժամանակին կարող էին ուղղակի ռմբակոծել, ապա այս դեպքում կարող են հրետանային, դրոնային և այլ հարվածներ ուղարկել կոնկրետ անձանց վրա, որոնց ճշգրտությունը լինելու է 99%․ Ալեքս Թովմասյան
Ալեքս Թովմասյանը գրում է․
«Արդեն մի քանի օր է համացանցում տարածվում է տեղեկություն այն մասին, որ Հայաստանում պատրաստվում են մեկ ամբողջական բազա ստեղծել հեռախոսների համար, գրանցելով յուրաքանչյուր հեռախոսի IMEI համարանիշը, SIM/eSIM քարտերը և այդ ամենն ամրագրել օգտատիրոջ անձնագրային տվյալներով։
Այս ամենը ներկայացվում է որպես Հայաստան ապօրինի ներմուծվող հեռախոսների դեմ պայքարի միջոց։
Շատերի մոտ տագնապ ու դժգոհություն է առաջացրել այս տեղեկությունը, քանզի շատերը չեն ուզում իրենց անձնական տվյալները հասանելի դառնան, գաղտնալսվեն կամ տեղաշարժի մասին ինֆորմացիան իմանան երրորդ անձինք։
Բայց ես այս ամենին առաջինը նայում եմ ռազմական ու ստրատեգիական տեսանկյուններից։
Կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից պատերազմները վաղուց վերածվել են ԱԹՍ-ների, դրոնների և այլ թվայնացված տեխնոլոգիաների կիրառման հարթակի։
Ներկայումս աշխարհում կան տասնյակ պետություններ (Ռուսաստան, Իսրայել, Չինաստան, Թուրքիա, Անգլիա և այլն), որոնք ոչ միայն ձեռք են բերում, այլ նաև արտադրում են ՌԷՊ (Ռադիոէլեկտրոնային պայքարի) համակարգեր։
44-օրյա պատերազմի ժամանակ այս համակարգերից զոհվածների թիվը փոքր չէր, որովհետև աշխատում էին իսրայելական Heron-ները։
Փորձեմ բացատրել։
Հեռախոսները գտնվելով ինչ-որ միջավայրում միշտ փորձում են կպնել ամենա ուժեղ ալիքն արձակող բջջային կապի աշտարակներին (вышка мобильной связи)։ Նման համակարգերն ինչպիսիք են օրինակ` ռուսական «Леер-3», իսրայելական «Hermes» և «Heron», թուրքական «Bayraktar TB2» և այլ համակարգերը գտնվելով գետնի վրա կամ օդում ստեղծում են «արհեստական» կապի աշտարակի իմիտացիա, որը շատ հզոր ալիքներ է արձակում։ Ձեր հեռախոսը հասկանալով, որ դա է ամենամոտ կամ ամենահզոր ալիքով կապի աշտարակն անմիջապես որպես ազդանշան ուղարկում է ձեր հեռախոսի IMEI-ն և IMSI-ն որպեսզի կապնվի այդ աշտարակի հետ։ Այդպես ձեր հեռախոսն ընկնում է հակառակորդի ստեղծած կեղծ կապի ծուղակը։ Ձեր հեռախոսը դառնում է պոտենցիալ փարոսիկ (маячок) և այդ պահից սկսած դուք գտնվում եք հակառակորդի հետախուզական ծուղակում։
Կարող են ձեզ կտրել իրական կապից ստեղծելով ձեր համար արհեստական կապ, ստանալ ձեր տեղաշարժի մասին ինֆորմացիա (GPS), ձեր գտնվելու վայրը, ձեր զանգերը, ձեր հաղորդագրությունները կարդալու հնարավորություն և նույնիսկ ձեզ կեղծ հրամաններ տալու կարողությանն են տիրապետում։ Դուք դառնում եք բաց թիրախ։ Ցանկացած կուտակում, որտեղից այդ համակարգը ստանում է օրինակ` 10-20 կամ ավելի հեռախոսների պիլինգացիա համարում է որպես «բլինդաժ» կամ շտաբ ու կարող է հարվածելու հրահանգ ուղարկել դրոնների կառավարման կետ, ԱԹՍ-ի օպերատորին կամ ինքնուրույն հարվածել նման կետերին։
Շատերի մոտ կարող է ստեղծվել տպավորություն, որ սովորական կոճակով (кнопочный) հեռախոսներն ավելի ապահով են, քան սմարթֆոնները, բայց դա այդպես չէ։ Ժամանակակից սմարթֆոնները որոնք աշխատում են 3G, 4G, 5G -երով, որոշ չափով կարող են նման համակարգերի ուղարկած կեղծ ալիքներին արձագանքել, զգուշացնել ձեզ, իսկ կոճակով հեռախոսները, որոնք աշխատելու են 2G-ով ավելի խոցելի են։ Այս ամենից պարզ է դառնում, որ նման համակարգերի դեմ անզոր են ինչպես սմարթֆոններն, այնպես էլ կոճակով հեռախոսները։ Եվ եթե SIM քարտը կարող եք փոխել, ապա IMEI համարը փոխել հնարավոր չէ։ Որքան ուզում եք փոխեք ձեր SIM քարտը, տիրապետելով ձեր IMEI համարին միշտ իմանալու են, որ այդ նոր հեռախոսահամարը ձերն է։
Իսկ հիմա ամենահետաքրքիրը։
Այն ինչ նկարագրեցի, դա արդեն կա ու գործում է, և ինչպես ասացի` արդեն կիրառվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Իսկ հիմա պատկերացրեք ստեղծվում է մի համակարգ, որտեղ գրվում է ձեր հեռախոսի IMEI կոդը, ձեր SIM/eSIM (IMSI) համարն ու ձեր անձնագրային տվյալները։ Եթե հակառակորդի ձեռքերում հայտնվի այդ բազան (ինֆորմացիայի արտահոսք, հաքերները կոտրեն համակարգը և այլն), ապա ողջ հայ ազգը դառնում է խոցելի։ Յուրաքանչյուր մարդ դառնում է պոտենցիալ քայլող թիրախ։
Եթե ժամանակին կարող էին ուղղակի ռմբակոծել ու պարզ չէր, թե ով կարող է պատահական զոհվել նման հարվածներից, ապա այս դեպքում կարող են հրետանային, դրոնային և այլ հարվածներ ուղարկել կոնկրետ անձանց վրա, որոնց ճշգրտությունը լինելու է 99%։ Եվ այս պարագայում կապ չունի կին է թե տղամարդ, առաջնագծում է թե քաղաքում, նախարարությունում է թե տանը… կարող են կոնկրետ անձանց վրա աշխատել ու ոչնչացնել։ Կարող են հետախուզական տվյալներ հավաքել, կարող են ստեղծել կեղծ հաշիվներ, կարող են ձեր հեռախոսի համակարգին նստեցնել իրենց «zero-click» հնարավորությամբ վիրուսային ծրագրեր (օրինակ` Pegasus կամ Predator)։ Իսկ հաշվի առնելով, որ ժամանակակից սմարթֆոնները գրեթե բոլորն ունեն մատնահետքի սկանավորման ու դիմագծերի սկանավորման համակարգեր, ապա կարող են տիրապետել նաև ձեր բիոմետրիական տվյալներին։
Սա ավելի կարևոր ու վտանգավոր է, քան ձեր հեռախոսազրույցների գաղտնալսումն ու սոց. ցանցերի կոտրումը։
Եվ ի վերջո որպես իմ սուբյեկտիվ կարծիք ասեմ, որ ես մեծ կապ եմ տեսնում Հայաստանում արդեն 3-րդ արհեստական բանականության կենտրոնների բացման, գերհզոր դատակենտրոնների ստեղծման, ադրբեջանով ինտերնետ կապի ապահովման և մեկ միասնական բազայում բոլորի հեռախոսների IMEI/IMSI ու անձնագրային տվյալների գրանցման միջև։
Մնացածը թողնում եմ ձեր առողջ դատողությանն ու գոնե մի փոքր ինքնապաշտպանական բնազդի առկայության վրա»։

