Երևանի գետնանցումներից հերոսների նկարները ջնջում են որ ապագա սերունդները չտեսնեն, չիմանան, որ նրանք Արցախի համար են կռվել, որ Արցախ ենք ունեցել․ Հայկազ Մկրտչյանի քույր

Երևանի Կենտրոն վարչական շրջանի գետնանցումներից հեռացվում են 44-օրյա պատերազմի հերոսների դիմանկարները, ինչը լայն արձագանք և քննադատություն է առաջացրել սոցցանցերում։

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ աշխատանքներն իրականացվում են գետնանցումների բարեկարգման ծրագրի շրջանակում։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանի խոսքով՝ որևէ միտում չկա, և հեռացվում են բոլոր չթույլատրված գրաֆիտիներն ու որմնանկարները։

Սակայն քաղաքապետարանի այս պարզաբանումը չի համոզել զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք վստահ են, որ նման քայլերը այլ նպատակներ են հետապնդում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը։

Օրեր առաջ հեռացվել է Հայկազ Մկրտչյանին նվիրված որմնանկարը, որը գտնվում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ստորգետնյա անցումում։ Հեռացվել են նաև Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և այլ հերոսների դիմանկարները։

«Ինձ թվում է` Հայաստանում չկա մեկը, ով հավատա քաղաքապետարանի տրված բացատրություններին, իբրև այդ ամենը բարեկարգման աշխատանքներ են, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ իրենք այդ դիմանկարներն ուզում են ջնջել, որ ապագա սերունդները չտեսնեն, ու ոչ մեկ չհիշի անցյալը, չիմանա ինչ հերոսներ ենք ունեցել, որ նրանք Արցախի համար են կռվել, որ Արցախ ենք ունեցել։ Ես այսօր էլի գնացել էի այդ գետնանցում, նայում էի, ուզում էի տեսնել կողքի պատերի իրավիճակը։ Միայն տեսա անշնորհք բառեր, կիսապատռված գովազդային ինչ–որ թղթեր, անհասկանալի տելեգրամյան ալիքներ, որոնք վստահաբար թմրանյութ են վաճառում։ Ամեն ինչ կար, բայց եղբորս նկարը չկար»,–ասաց Արևիկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ զոհված զինծառայողների հարազատները համոզված են, որ սա Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալու և նրանց շահերը սպասարկելու հերթական քայլն է։ Մկրտչյանի խոսքով՝ նման զարգացումն իրենց համար անակնկալ չէր, քանի որ նախկինում ևս եղել են նման փորձեր, սակայն հասարակական լայն արձագանքն ու դժգոհությունը ժամանակավորապես կանգնեցրել էին գործընթացը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930