ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփի վարչակազմին թույլատրել է դադարեցնել Հայիթիից և Սիրիայից եկած ներգաղթյալների պաշտպանությունը
ԱՄՆ Գերագույն դատարանը հինգշաբթի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլատրել է դադարեցնել ժամանակավոր պաշտպանվածության կարգավիճակի (TPS) գործողությունը Հայիթիից և Սիրիայից եկած ներգաղթյալների համար, որոնք նախկինում պաշտպանություն էին ստացել բռնությունների և տարերային աղետների պատճառով, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Այժմ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը կարող է չեղարկել ծրագիրը, որն ընդհանուր առմամբ արտաքսումից պաշտպանում է 17 երկրների շուրջ 1,3 միլիոն մարդու։
Առանձին որոշմամբ դատարանը պաշտպանել է նաև ներգաղթային այն քաղաքականության վերսկսման հնարավորությունը, որը նախկինում կիրառվում էր ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին ապաստան հայցող ներգաղթյալներին վերադարձնելու համար։
Դատարանը չեղարկել է ստորադաս ատյանի որոշումը, որն արգելափակում էր այդ գործելակերպն ու սահմանափակում օրական ներկայացվող ապաստանի դիմումների քանակը։

