ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Սիրիայում «Իսլամական պետության» բարձրաստիճան առաջնորդի ոչնչացման մասին
ԱՄՆ զինված ուժերը անցյալ շաբաթ ավիահարված են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» (ԻԳԻԼ) խմբավորման բարձրաստիճան առաջնորդներից մեկը։ Դրա մասին չորեքշաբթի X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ հայտնել են ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM):
CENTCOM-ի տվյալներով՝ թիրախային հարվածը հասցվել է հունիսի 19-ին, ինչի հետևանքով զոհվել է Ալի Հուսեյն ալ-Ուլայվին։
Հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը ԱՄՆ-ի շարունակական ջանքերի մի մասն է՝ ուղղված «այն ահաբեկիչների գործունեության տապալմանն ու ոչնչացմանը, որոնք ձգտում են արտասահմանում կամ ԱՄՆ տարածքում հարձակվել ամերիկացիների վրա»։
CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը ընդգծել է, որ ամերիկյան ուժերը շարունակում են գործել տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ։
«CENTCOM-ը և մեր գործընկերները հավատարիմ են մնում «Իսլամական պետության» մնացած տարրերի ոչնչացմանը՝ դրա վերջնական պարտությունն ապահովելու համար»,- հայտարարել է նա։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը մտադիր է միաժամանակ ապագայում պաշտպանել իր տարածքը, զինծառայողներին, ինչպես նաև տարածաշրջանում իր դաշնակիցներին։
Գործողության ֆոնին հաղորդվում է, որ «Իսլամական պետությունն» ակտիվացրել է գործունեությունը Սիրիայում՝ հայտարարելով նախագահ Ահմեդ աշ-Շարաայի կառավարության դեմ գործողությունների նոր փուլի մասին։ Փետրվարից ի վեր խմբավորումն իրականացրել է մի շարք հարձակումներ, իսկ շաբաթ օրը ստանձնել է Հալեպի նահանգի Մանբիջ քաղաքի շրջանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։
2010-ականների կեսերին իր հզորության գագաթնակետին կրած ջախջախումից հետո, երբ «Իսլամական պետությունը» վերահսկում էր Սիրիայի զգալի տարածքներ, խմբավորումը դուրս մղվեց ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի և տեղական ուժերի գործողությունների արդյունքում։
Այնուամենայնիվ, զինվորականների գնահատականներով, առանձին բջիջներ շարունակում են ակտիվություն պահպանել տարածաշրջանում։

