Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, լսել ենք բոլորս, կատարում են հասցեատերերը…. փաստաբանները՝ Իշխան Սաղաթելյանի գործի մասին

Փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել Իշխան Սաղաթելյանի գործի մասին, որում, մասնավորապես, ասվում է.

«Ծանոթացանք Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջով ներկայացված մեղադրանքին։ Վաղուց արդեն քաղաքական պատճառ ու նպատակ ունեցող քրեական վարույթների մասին իրավաբանական դատողությունները կորցրել են իրենց իմաստը։ Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը։

Այս արձագանքն էլ գուցե չկատարեինք, թե երեկվանից միացված չլիներ քարոզչամեքենան, որը քաղաքական գործերի անբաժան ուղեկիցն է։

«Օդից ընկած» այս գործը պետական մարմնի ու քաղաքացու միջև ընթացող սովորական վարչաիրավական հարաբերություններին հանցանքի տեսք տալու մասին է։

Առաջին անգամ ենք հանդիպում իրավիճակ, երբ համապատասխան հայտարարագիր ներկայացրած մարդուն, ներկայացնելուց մեկ ամիս անց որոշեն մեղադրել այդ հայտարարագիրը չներկայացնելու մեջ։

Առաջին անգամ ենք հանդիպում իրավիճակի, երբ պետական մարմի առջև որոշակի գույքի գտնվելու վայրը բացահայտող մարդուն մեղադրեն այդ գույքը թաքցնելու մեջ։

Այսքանից հետո, կարծում ենք, ավելորդ է պատմել, որ այս աղմուկի համար հիմք դարձած 60 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի գոյության մասին պետական մարմինները երբեք չէին տեղեկանա, եթե Իշխան Սաղաթելյանը ժամանակին, օրենքով սահմանված կարգով այն չհայտարարագրեր, չէին իմանա նաև գումարի գտնվելու վայրը, եթե այդ մասին գրավոր չիրազեկեր Իշխան Սաղաթելյանը։

Հ.Գ. համապատասխան քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, լսել ենք բոլորս, կատարում են հասցեատերերը…

Առայժմ այսքանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930