Ինչո՞վ, ո՞ր օրգանով եք մտածում, ժողովուրդ ջան. Ռուսաստանից Հայաստան է ներկրվում հացահատիկի 80%. Հարություն Մնացականյան
«Տելեգրամյան ալիքներով թեզեր են պտտում, թե մենք էլ ռուսական ապրանքների ներկրումը արգելենք մեր երկիր: Զուտ ուզում եմ ինֆորմացիայի տեսքով ձեզ հետ կիսվել, թե ինչ ապրանքներ են ներկրվում Ռուսաստանից, որ դուք պատկերացնեք՝ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ»,- իր սոցցանցային էջում հրապարակած տեսանյութի մեջ ասել էր գյուղատնտես, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Հարություն Մնացականյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանից Հայաստան է ներմուծվում Հայաստանի բնակչության ամբողջական սպառման և նաև անասնապահության ոլորտում օգտագործվող հացահատիկի 80%-ից ավելին:
«Դա ցորենի, գարու, եգիպտացորենի, տարեկանի և այլ մշակաբույսերի տեսքով է: Այսինքն՝ մեր ամբողջ անասնապահության ոլորտը, հանապազօրյա հացը ռուսական ցորենից է ստացվում:
Ռուսաստանից մեծ ծավալներով ներկրվում է մեր ամենօրյա օգտագործման ձեթը, ձավարեղենը՝ սիսեռ, ոսպ, հնդկաձավար, բրնձի տեսակներ, վարսակի փաթիլներ, Ռուսաստանից էժան գնով ներկրվում են օղիներ:
Ռուսաստանից ներկրվում է հեղուկ գազ, բնական գազ, դիզելային վառելիք, բենզին և այլն:
Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ էս նարատիվները տարածում եք, եթե արտահանումը փակել են, տնտեսվարողներն են խնդրի առաջ կանգնել, ներկրումը փակեցիք, ամբողջ բնակչությունն է խնդիրների առաջ կանգնելու… Դուք ի՞նչ եք մտածում, ինչո՞վ եք մտածում, ո՞ր օրգանով եք մտածում, ժողովո՛ւրդ ջան: Չի կարելի առանց պատասխանատվության նշույլ ունենալու՝ նման հայտարարություններ անել»,- ասաց Հարություն Մնացականյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

