Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ առաջին կանգառը կատարելով Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Աբու Դաբում վայրէջքից հետո Ռուբիոյին հարց են ուղղել Իրանի հետ կնքված համաձայնության հետ կապված դաշնակիցների անհանգստության մասին։
«Դրան, ամենայն հավանականությամբ, անդրադարձ կլինի քննարկումներում», – ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ կքննարկվեն նաև հարցեր, որոնք ներառված չեն փոխըմբռնման հուշագրում։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Պարսից ծոցում ԱՄՆ որոշ դաշնակիցներ Թեհրանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի կնքած համաձայնությունը, որը ներառում է նաև Իրանին վերակառուցման համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամի հասանելիություն, դիտարկում են որպես շատ մեծ զիջում։ Երկրներն անհանգստանում են, որ Իրանն այդ գումարը կարող է օգտագործել իր ռազմական հզորությունը վերակառուցելու համար։ Բացի այդ, համաձայնությունը չի հասցեագրում Իրանի բալիստիկ հրթիռների կարողությունների հարցը, ինչն, ըստ գործակալության, մտահոգության տեղիք է տալիս Պարսից ծոցի երկրների համար։
Իր հերթին, BBC-ն հաղորդում է, որ Մարկո Ռուբիոն հայտարարել է Հորմուզի նեղուցում տուրքերի գանձման անթույլատրելիության մասին։
«Դա միջազգային ջրային ուղի է։ Ոչ մի երկրի չի թույլատրվում միջազգային ջրային ուղում տուրքեր կամ վճարներ գանձել։ Դա է գործող միջազգային օրենքը։ Կարծում եմ՝ մենք ոչ ոքի չպետք է այս հարցում համոզենք։ Կարծում եմ՝ տարածաշրջանի բոլոր երկրները կհամաձայնեն մեզ հետ», – ասել է նա ԱՄԷ ժամանելուն պես։
ԱՄԷ-ից հետո Ռուբիոն կայցելի Քուվեյթ և Բահրեյն։

