«Ես հեռանում եմ». Թաքեր Կառլսոնը խզում է կապերը ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ

Երկարամյա պահպանողական մեկնաբան Թաքեր Կառլսոնը փոդքաստի ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերին անցկացվելիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին «չի աջակցի Հանրապետական կուսակցությանը»՝ փաստացիորեն հեռավորություն պահելով այն քաղաքական ուժից, որին նա հրապարակայնորեն պաշտպանում էր տասնամյակներ շարունակ, դրանց թվում՝ Fox News Channel-ի ամենահայտնի հաղորդավարներից մեկը եղած ժամանակահատվածում։ Այս որոշման մասին հաղորդում է Associated Press-ը։

«Ես չեմ պատրաստվում աջակցել նաև Դեմոկրատական կուսակցությանը,- հավելել է նա՝ ելույթ ունենալով Can’t Be Censored փոդքաստում։- Ես չգիտեմ՝ ինչ եմ անելու»։

Կառլսոնը, որը 2023 թվականին Fox News-ից հեռացվելուց հետո մեծ լսարան է հավաքել, վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ է հակասությունների մեջ մտնում Հանրապետական կուսակցության դիրքորոշման հետ։ Նա նշել է, որ այդ հիասթափությունն ուժեղացել է փետրվարին Իրանի դեմ պատերազմ սկսելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո։

2024 թվականին Կառլսոնն աջակցում էր Թրամփին, սակայն պատերազմի սկսվելուց հետո նա հայտարարեց, որ զղջում է իր աջակցության համար և «մարդկանց մոլորության մեջ է գցել»՝ ընդգծելով, որ դա միտումնավոր չի եղել։ Նա բազմիցս քննադատել է պատերազմը՝ պնդելով, որ այն մղվում է ի շահ Իսրայելի՝ ի վնաս ամերիկացիների, ինչպես նաև մեղադրել է հանրապետականներին սեփական ընտրողների շահերը ներկայացնելուց հրաժարվելու մեջ։

«Նրանք որոշումներ են ընդունում՝ ելնելով այլ չափանիշներից․ ինչն է լավագույնն այս ընկերության համար, ինչն է լավագույնն Իսրայելի համար, ինչն է լավագույնը մեր հովանավորների համար,- ասել է նա։- Սա սոսկ սխալ ուղղությամբ շարժվել չէ, սա անընդունելի է, սա դավաճանություն է, սա անբարոյական է, և սա չի կարող շարունակվել»։

«Ես 35 տարի հետևողականորեն պաշտպանել եմ Հանրապետական կուսակցությանը, շատ հետևողականորեն, բայց սա հնարավոր չէ պաշտպանել։ Ուստի այո՛, ես հեռանում եմ։ Եվ եթե ես հեռանում եմ, կարծում եմ՝ շատ ուրիշներ նույնպես կհեռանան»,- նշել է Կառլսոնը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930