«Ռոսատոմ»-ը կստեղծի միջուկային վառելիքի վերամշակման Ռուսաստանում խոշորագույն գործարանը

«Ռոսատոմ» պետական կորպորացիան սկսել է նոր ռադիոքիմիական ձեռնարկության ստեղծման նախագծի իրականացումը, որը կդառնա Ռուսաստանում փակ միջուկային վառելիքային ցիկլի զարգացման առանցքային տարրը, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։

Ինչպես հայտնել են ընկերությունում, նոր գործարանը զբաղվելու է օգտագործված միջուկային վառելիքի վերամշակմամբ և միջուկային նյութերի վերաշրջանառմամբ՝ ատոմային էներգետիկայում դրանց կրկնակի օգտագործման համար, ներառյալ՝ IV սերնդի հեռանկարային էներգահամակարգերը։ Ձեռնարկությունը կդառնա նման պրոֆիլի ամենախոշոր համալիրը Ռուսաստանում։

Ներկայում նախագիծը ներդրումների հիմնավորման փուլում է։ Մինչև տարեվերջ նախատեսվում է որոշել շինարարության հարթակը՝ հաշվի առնելով էկոլոգիական և լոգիստիկ գործոնները, ինչպես նաև ապագա արտադրությունը ոլորտի գոյություն ունեցող ենթակառուցվածքներում ինտեգրելու հնարավորությունները։

Նախագիծը նախատեսում է մոդուլային կառուցվածք, ինչը հնարավորոթյուն կտա փուլ առ փուլ մեծացնել հզորությունները։ Առաջին արտադրական մոդուլը կկարողանա տարեկան վերամշակել մինչև 400 տոննա վառելիք և, ինչպես սպասվում է, իր նախագծային հզորությանը կհասնի հաջորդ տասնամյակում։ Գործարանն ունակ կլինի վերամշակել ինչպես ջերմային, այնպես էլ արագ նեյտրոններով ռեակտորների վառելիքը։

Նախագծի նախապատրաստման համար արդեն իսկ իրականացվել են մի շարք գիտահետազոտական աշխատանքներ՝ ռադիոքիմիական ուղղության զարգացման ծրագրի շրջանակում։ Բացի դրանից, նախատեսվում է օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ և լուծումներ, որոնք մշակվել են БРЕСТ-ОД-300 արագ նեյտրոններով ռեակտորի համար ճառագայթված վառելիքի վերամշակման մոդուլի ստեղծման ժամանակ, որը կառուցվում է Սևերսկում IV սերնդի փորձնական-ցուցադրական էներգահամալիրի կազմում։

«Ռոսատոմ»-ի՝ ռադիոակտիվ թափոնների, օգտագործված միջուկային վառելիքի և վտանգավոր օբյեկտների շահագործումից հանման ոլորտում պետական քաղաքականության գծով տնօրեն Վասիլի Տինինը հայտարարել է, որ նոր գործարանը կարևոր փուլ կդառնա Ռուսաստանում փակ միջուկային վառելիքային ցիկլի ստեղծման ճանապարհին։ Նա հավելել է, որ ձեռնարկության շահագործման հանձնումից հետո վերականգնված միջուկային նյութերը կկարողանան բազմիցս վերադառնալ վառելիքային ցիկլ՝ ապահովելով հումքային բազա IV սերնդի էներգահամակարգերի համար։

IV սերնդի էներգահամակարգերը համարվում են ատոմային էներգետիկայի զարգացման ամենահեռանկարային ուղղություններից մեկը։ Դրանք ենթադրում են վառելիքի ավելի արդյունավետ օգտագործում, անվտանգության մակարդակի բարձրացում, ռադիոակտիվ թափոնների ծավալների նվազեցում և միջուկային նյութերի կրկնակի օգտագործման հնարավորությունների ընդլայնում։ Ռուսաստանը նման տեխնոլոգիաների մշակման համաշխարհային առաջատարներից մեկն է. բացի БРЕСТ-ОД-300 նախագծից, Բելոյարսկի ԱԷԿ-ում արդեն իսկ ընթանում են БН-1200М էներգաբլոկի շինարարության նախանախագծային աշխատանքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930