Վրաստանում մտցվում է կացության կարգավիճակի նոր կարգ՝ երկրի քաղաքացիների ամուսինների համար
Մտցվում է կացության կարգավիճակի (կացության իրավունքի) նոր կատեգորիա. դա Վրաստանի քաղաքացու ամուսնու կացության կարգավիճակն է։ Դրա մասին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն՝ օրենսդրական նախաձեռնության կարգով կառավարության մշակած «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը։
Ըստ Դարախվելիձեի՝ օրենսդրական նախաձեռնության նպատակն է միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարումը և անօրինական ներգաղթի դեմ պայքարի ուժեղացումը։
«Ներկայացված փոփոխությունների փաթեթն ուղղված է կացության կարգավիճակի ոլորտում գոյություն ունեցող կարգավորումների վերանայմանը։ Այստեղ մենք անդրադարձել ենք կացության կարգավիճակի երկու տեսակի՝ ուսումնական և մշտական։ Նման երկու տեսակի կացության կարգավիճակներն են տրամադրվել ամենաշատը։
Այսօրվա դրությամբ ավելի քան 35 հազար օտարերկրացի ունի գործող ուսումնական կացության կարգավիճակ, իսկ ինչ վերաբերում է մշտական կացության կարգավիճակին, որը տրվում է Վրաստանի քաղաքացու հետ ամուսնության դեպքում, դրանց թիվը հասնում է մինչև 30 հազարի։ Մշտական կացության կարգավիճակն առաջին անգամից տրվում է անժամկետ՝ քանի դեռ ամուսնությունն ուժի մեջ է։
2026 թվականի առաջին եռամսյակում կացության այս տեսակի պահանջարկը եռապատկվել է, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ, հնարավոր է, դրա ստացման հիմքը կեղծ ամուսնությունն է։
Ուստի վերոնշյալ փոփոխությունների փաթեթը մշտական կացության կարգավիճակի տրամադրման դեպքում նախատեսում է կոնկրետ իրավական մեխանիզմների առաջադրում, մասնավորապես՝ մտցվում է կացության կարգավիճակի նոր կարգ՝ Վրաստանի քաղաքացու ամուսնու կացության կարգավիճակ, որը կտրամադրվի, եթե օտարերկրացին կացության դիմում է ներկայացնում ամուսնության գրանցումից հետո, և այն առաջին անգամից անժամկետ չի տրվի։ Սկզբում այն կտրվի մեկ տարի ժամկետով՝ հետագայում երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Կացության կարգավիճակի տրամադրումից առաջ օտարերկրացին և նրա վրացի ամուսինը պետք է հարցազրույց անցնեն հանձնաժողովում, և եթե հարցազրույցի ընթացքում պարզվի, որ տեղի է ունեցել կեղծ ամուսնություն, ապա, ըստՔրեական օրենսգրքի, դա արդեն պատժելի արարք է և առաջացնում է քրեական պատասխանատվություն։
Գործի նյութերը կուղարկվեն քննչական մարմին՝ հետագա քննության համար։ Եթե հաստատվի, որ տեղի է ունեցել կեղծ ամուսնություն, ամուսնությունը կճանաչվի անվավեր, իսկ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
Այն դեպքում, երբ ամուսնության կեղծ լինելը չհաստատվի, սկզբում կացության կարգավիճակ կտրվի մեկ տարի ժամկետով, որը կերկարաձգվի 2-ական տարով, իսկ եթե այդ ամուսնությունը պահպանվի հինգ տարվա ընթացքում, դրանից հետո հնարավոր կլինի ստանալ մշտական կացության կարգավիճակ»,- ասել է Ալեքսանդր Դարախվելիձեն։

