Է՞լ ինչ կարող է անել Փաշինյանը, իսլա՞մ ընդունել. Նեթանյահուն վախկոտ է. Ռուսաստանի ժողովուրդը չի ապստամբի. Յակով Կեդմի
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային առանցքային հարցեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը՝ Բելառուսի տարածքում իբր տեղակայված վերահաղորդիչների մասին, որոնք Ռուսաստանն օգտագործում է անօդաչու թռչող սարքերն Ուկրաինայի թիրախներին ուղղորդելու համար։ Փորձագետները դիտարկել են նման հայտարարություններին Ռուսաստանի և Բելառուսի հնարավոր արձագանքը, ռուս-ուկրաինական հակամարտության հետագա սրման ռիսկերը, ինչպես նաև Մոսկվային և Ղրիմին հասցվող հարվածների շուրջ ստեղծված իրավիճակը։

Զրույցի զգալի մասը նվիրված էր Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությանը, դրա հետագա զարգացման հեռանկարներին, ԱՄՆ-Իսրայել հարաբերություններին, Լիբանանի հարավում իսրայելական ներկայությունը պահպանելու վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններին, ինչպես նաև Իսրայելի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա ընտրություններին և գործող վարչապետի համար առկա քաղաքական ռիսկերին։
Քննարկվել են նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացները, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը, ընտրություններից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Մոսկվա կատարած այցի նշանակությունը, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի դերը տարածաշրջանի արդի աշխարհաքաղաքական գործընթացներում։
Քննարկման ընթացքում դիտարկվել են Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև երկրի համար արտաքին քաղաքական տարբեր սցենարների հնարավոր հետևանքները։
Այս համատեքստում քննարկվել է Դիլիջանում կայացած Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը, դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հետագա զարգացման վրա։
Հայկ Դերզյան

