Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ
Ֆրանսիական «Գոլֆեշ» ատոմակայանը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը անոմալ շոգի պատճառով։ Շոգի հետևանքով կտրուկ բարձրացել է ռեակտորների հովացման համար օգտագործվող գետի ջրի ջերմաստիճանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է «Sud-Ouest» թերթը՝ հղում անելով ատոմակայանը շահագործող «EDF» ընկերությանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի ռեկորդային թվով՝ 54 դեպարտամենտներում (ինչը երկրի տարածքի կեսից ավելին է) շոգի պատճառով հայտարարվել էր վտանգավորության ամենաբարձր մակարդակ։
«Հարավ-արևմուտքում գտնվող «Գոլֆեշ» ատոմային էլեկտրակայանի աշխատանքը դադարեցվել է հունիսի 22-ին՝ կեսգիշերից քիչ առաջ, շոգի հետ կապված «բնապահպանական սահմանափակումների» պատճառով»,- նշված է հոդվածում։
Ինչպես գրում է «Sud-Ouest»-ը, ատոմակայանի երկու ռեակտորներից մեկն արդեն իսկ տեխնիկական սպասարկման փուլում է, իսկ այժմ անջատվել է նաև երկրորդը, ինչը փաստացի հանգեցրել է ամբողջ կայանի աշխատանքի դադարեցմանը։
Ուժեղ շոգի ժամանակ ֆրանսիական ատոմակայանները ստիպված են լինում նվազեցնել կամ նույնիսկ ամբողջությամբ դադարեցնել էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ գետերի ջրի ջերմաստիճանի բարձրացման պատճառով։ Պարբերականը հիշեցնում է, որ այս քայլն արվում է ջրամբարների հետագա գերտաքացումից խուսափելու և տեղի բուսական ու կենդանական աշխարհին չվնասելու համար։
Թերթի հաղորդմամբ՝ կանխատեսումների համաձայն, Գարոն գետի ջուրը, որի ափին գտնվում է «Գոլֆեշ» ատոմակայանը, երեքշաբթի օրը կտաքանա մինչև 28 աստիճան, ինչը, ըստ սահմանված նորմերի, առավելագույն թույլատրելի ջերմաստիճանն է։
Նշվում է նաև, որ անոմալ շոգի պատճառով «EDF» էներգետիկ ընկերությունը կարող է նվազեցնել արտադրության ծավալները նաև Ֆրանսիայի մյուս ատոմային էլեկտրակայաններում։


