Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է. նոր տեքստում կարտացոլվեն ՀՀ հարատևությանն ուղղված արժեքները

Կառավարության անդամների երդման տեքստը փոխվելու է: Արդարադատության նախարարությունն արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից Aysor.am-ը տեղեկացել է, որ նախագծով առաջարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կարգավորման նպատակն է կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը։

Հիմնավորման համաձայն՝ առաջարկվող փոփոխությամբ երդման տեքստում առավել հստակ կարտացոլվեն պետականության ամրապնդման, հանրային և պետական շահերի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հարատևությանն ուղղված արժեքները։

Առաջարկվող խմբագրությամբ՝ լիազորություններն ստանձնած Կառավարության անդամները կտան հետևյալ երդումը.

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»:

Ըստ Արդարադատության նախարարության՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ Կառավարության անդամների կողմից տրվող երդումն ավելի ամբողջական կերպով կարտացոլի պաշտոնի ստանձնման հետ կապված պատասխանատվության շրջանակը և պետական իշխանության հիմքում ընկած հիմնարար արժեքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930