Ալբանիայի վարչապետը հերքել է առողջարանային նախագծի շուրջ կոռուպցիայի մեղադրանքները․ FT

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հերքել է իր առնչությունը կոռուպցիոն այն սխեմաներին, որոնք կապված են Ադրիատիկ ծովի ափին գտնվող Վյոսա-Նարտա արգելոցային գոտում 4 միլիարդ դոլար արժողությամբ հանգստավայրի կառուցման հետ։

Financial Times (FT) պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով ցուցարարների մեղադրանքներին, կառավարության ղեկավարը նշել է, որ չի պատրաստվում «ապացուցել» կոռուպցիայի հարցում իր անմեղսունակությունը, քանի որ նախագիծն իրականացվում է օրինական դաշտում և մեծ նշանակություն ունի երկրի տնտեսության համար։ Ռաման նաև ընդգծել է, որ ամերիկացի ներդրող Ջարեդ Քուշների ներդրումներն ամբողջությամբ օրինական են և որևէ կապ չունեն Վյոսա-Նարտա պահպանվող տարածքի նախկին հողատիրոջ նկատմամբ իրականացվող ընթացիկ քննության հետ։ «Սարսափելի են այն պնդումները, թե Ալբանիայի տնտեսությունը հիմնված է փողերի լվացման վրա»,— հավելել է վարչապետը։

Ալբանիայում բողոքի ակցիաները բռնկվել են մայիսի վերջին, երբ կառուցապատողները հանգստավայրի համար նախատեսված տարածքում փշալարերով ցանկապատեր են տեղադրել՝ փակելով դեպի լողափ տանող ճանապարհը։ Բնապահպանական կազմակերպությունների կողմից նախաձեռնված այս ցույցերի ընթացքում մասնակիցներից շատերը ձեռքներին ունեցել են այդ արգելոցային գոտում բնակվող վարդագույն ֆլամինգոների պատկերներ, ինչի պատճառով էլ արևմտյան որոշ լրատվամիջոցներ իրադարձություններն անվանել են «Ֆլամինգոների հեղափոխություն»։ Թեև հունիսի 7-ին Ռաման հայտարարել է, որ, չնայած բողոքի ալիքին, ալբանական իշխանությունները մտադիր են կյանքի կոչել հանգստավայրի կառուցման նախագիծը, ակցիաները վերածվել են ամենօրյա երթերի. ցուցարարները շարժվում են դեպի Տիրանայում գտնվող վարչապետի նստավայրը՝ պահանջելով նրա հրաժարականը։

Ավելի վաղ Ալբանիայի հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը քննություն էր սկսել Ադրիատիկ ծովի ափին գտնվող Վյոսա-Նարտա պահպանվող տարածքի կարգավիճակի փոփոխության հարցով։ Այս տարածքը հանգստավայրի է ցանկանում վերածել Քուշների «Affinity Partners» ներդրումային ընկերությունը։ Նախագիծն ընդգրկում է անմարդաբնակ Սազան կղզին և մի քանի հարյուր հեկտար պահպանվող լանդշաֆտ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930