Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 4175-ի։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
«Ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ մարտի 2-ից մինչև հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում զոհված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4175-ի, իսկ վիրավորներինը՝ 12164-ի»,- նշվել է նախարարության հաղորդագրության մեջ։
Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվն ավելացել է 69-ով, իսկ վիրավորներինը՝ 11-ով։
Տեղեկություններ են հաղորդվում նաև, որ առողջապահության ոլորտի աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 135-ի, վիրավորներինը՝ 406-ի։
Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։


