Ղալիբաֆ. «Ես Վենսին ասացի՝ մենք սպառնալիքների ներքո երբեք չենք բանակցում». ինչպես է Իրանի պատվիրակությունը լքել հանդիպումը
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մանրամասներ է հայտնել Շվեյցարիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո բանակցությունների տապալման և իրանական պատվիրակության դեմոնստրատիվ քայլի մասին։
Ղալիբաֆի խոսքով՝ քննարկումների ամենաթեժ պահին իրենք տեղեկացել են, որ Թրամփը սպառնալիքներ է հնչեցրել Իրանի նախագահի, բանակցային խմբի հասցեին և հայտարարել Իրանի տարածքին հնարավոր հարվածների մասին։ Դրանից հետո իրանական կողմը դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։
«Ես Վենսին ասացի. «Մենք այստեղ բանակցություններ ենք վարում, և համաձայն ստորագրված փաստաթղթի՝ հենց առաջին կետում նշված է, որ չպետք է լինեն որևէ սպառնալիքներ կամ հարկադրանք։ Այդուհանդերձ, այսօր ձեր նախագահը հանդես է եկել սպառնալիքներով։ Հասկացեք՝ մենք երբեք չենք բանակցում սպառնալիքների կամ ճնշումների պայմաններում»»,- պատմել է խոսնակը։
Իրանի պատվիրակությունն անմիջապես դադարեցրել է բանակցությունները, լքել հանդիպման վայրը և այլևս չի վերադարձել։ Ըստ Ղալիբաֆի՝ ամերիկյան կողմը միջնորդների միջոցով փորձել է ևս մեկ հանդիպում կազմակերպել, սակայն Թեհրանը մերժել է։
«Այդ ժամանակ մեզ մոտ եկան քաթարցի և պակիստանցի միջնորդները, և մենք նրանց հայտարարեցինք, որ կխոսենք իրենց հետ, բայց ոչ ամերիկյան կողմի հետ ուղղակիորեն»,- հավելել է նա։
Իրանի խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ այդ քննարկումների և 80 րոպե տևած բանակցությունների արդյունքը եղել է այն համատեղ հայտարարությունը, որն ավելի ուշ հրապարակել են պակիստանյան և կատարական կողմերը։

