Արդյո՞ք մարգարինն այնքան վնասակար է, որքան կարծում են. բացահայտում է մասնագետը
Ժամանակակից տեխնոլոգիաներով արտադրված մարգարինը վտանգավոր չէ առողջության համար։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նման կարծիքն է հայտնել РОСБИОТЕХ համալսարանի սննդամթերքի անվտանգության ամբիոնի ավագ դասախոս Քսենիա Կուզնեցովան՝ մեկնաբանելով մարգարինի վերաբերյալ տարածված մտահոգությունները։
Մասնագետի խոսքով՝ մարգարինի տարբեր տեսակները կարող են էականորեն տարբերվել միմյանցից, այդ թվում՝ տրանսճարպերի պարունակությամբ։ Հենց տրանսճարպերն են համարվում այն բաղադրիչները, որոնք մեծ քանակությամբ օգտագործվելու դեպքում կարող են վնասել օրգանիզմին։
Կուզնեցովան նշել է, որ նախկինում մարգարինի արտադրության ընթացքում տրանսճարպերի պարունակությունը բավականին բարձր էր, սակայն այսօր ժամանակակից արտադրության պայմաններում դրանց բաժինը սովորաբար չի գերազանցում ընդհանուր ճարպային զանգվածի 2 տոկոսը։
«Խոշոր արտադրողների ժամանակակից մարգարինն այլևս այն «քիմիական սարսափը» չէ, ինչպես հաճախ կարծում են»,- ընդգծել է մասնագետը։
Մարգարին ընտրելիս նա խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել փաթեթավորման վրա առկա EAC համապատասխանության նշանին, որը վկայում է, որ արտադրանքը անցել է սահմանված ստուգումները։
Բացի այդ, անհրաժեշտ է ուսումնասիրել բաղադրությունը։ Եթե նշված են «բուսական յուղեր բնական և մոդիֆիկացված ձևով», դա կարող է անուղղակիորեն մատնանշել տրանսճարպերի առկայությունը։
Միևնույն ժամանակ մասնագետը շեշտում է, որ մարգարինը և դրա հիմքով պատրաստված մթերքները կարող են վնասակար լինել, եթե օգտագործվեն կանոնավոր կերպով և մեծ քանակությամբ։ Առողջ սննդակարգ պահպանելու համար կարևոր է, որ ուլտրավերամշակված մթերքները չդառնան ամենօրյա սննդի հիմնական մասը։

