Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել։Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակային տվյալների սեփական վերլուծությանը։
Պարբերականի տվյալներով՝ Sentinel-1 ռադարային արբանյակի վերջին անցման ժամանակ Սոհար և Ֆուջեյրա նավահանգիստների մոտ արձանագրվել է 441 խոշոր նավ։ Դրանք գտնվում են Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում՝ սպասելով անցման հնարավորության հստակեցմանը։
Financial Times-ի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ որոշ նավատերեր արդեն փորձել էին տանկերները անցկացնել նեղուցով՝ օգտվելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածությունից։
Չնայած հիմնական նավագնացային ուղիների բացման և ականազերծման վերաբերյալ համաձայնությանը՝ Իրանը շաբաթ օրը կրկին հայտարարել էր նեղուցը փակելու մասին՝ Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածներից հետո։
Այս ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Շվեյցարիայում ինտենսիվ բանակցություններ են անցկացրել, որոնք շարունակվել են կիրակիից մինչև երկուշաբթի վաղ առավոտ։
ԱՄՆ ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ քննարկումների ընթացքում կողմերը, մասնավորապես, զբաղվել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանից եկող «խառը ազդակների» հստակեցմամբ և հակամարտության ռիսկերի նվազեցման մեխանիզմների ձևավորմամբ՝ նավերի համար ուղին մշտապես բաց պահելու նպատակով։

