Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ–ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ «Ֆեյսբունք» սոցցանցի իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` հրապարակելով իր ստորագրած հրամանի պատճենը։

Նշենք որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն շահագործում է Երևան–Աբովյան մայրուղու 10–րդ կմ հասցեում գտնվող հայտնի «Շանգրի Լա» խաղատունը և լիցենզիա է ստացել 2014 թվականին։

«Ընկերության կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների (մասնավորապես` Bet (խաղադրույք), Win (շահում), In (գումարի մուտք), Out (գումարի ելք)) միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ»,– ասված է հրամանի հիմնավորման մեջ։

Հրամանը, որն ուժի մեջ կմտնի հունիսի 23-ից, երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարանում։

Փաստաթղթում նաև նշված է, որ հանրային շահերի, այն է` սպառողների շահերի պաշտպանության նկատառումներով այս վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

Նշենք, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ–ն լիցենզիայից զրկվել էր նաև 2020 թվականի հուլիսի 8–ին` 3–րդ եռամսյակի համար սահմանված պետական տուրքը չվճարելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930