Լեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ուրախացնում է Պուտինին և ցնցում մեր դաշնակիցներին․ Տուսկ
Լեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունն ուրախացնում է Պուտինին և ցնցում մեր դաշնակիցներին։ X սոցիալական ցանցում այսպիսի գրառում է արել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Այսպիսով, նա մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Լեհաստանի բարձրագույն պետական պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից, զրկելու վերաբերյալ երկրի նախագահ Կարոլ Նավրոցկու որոշումը։
«Նախագահներ Զելենսկու և Նավրոցկու խնդիրն է հանդարտեցնել կրքերը, այլ ոչ թե բորբոքել լարվածությունը։ Ռազմաճակատի գիծը բոլորովին այլ տեղով է անցնում»,- նշել է Լեհաստանի վարչապետը։
Նշենք, որ Զելենսկուն պարգևից զրկելու պատճառը դարձել է Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւԱԲ) պատվին զորամասերից մեկին պատվավոր անվանում շնորհելու վերաբերյալ Կիևի որոշումը։ Այս ամենը շարունակում է երկու երկրների միջև սուր պատմական վեճերի առարկա մնալ։
Սպիտակ արծվի շքանշանը Զելենսկուն հանձնվել էր 2023 թվականին այն ժամանակվա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից՝ որպես Վարշավայի և Կիևի միջև առանձնահատուկ հարաբերությունների խորհրդանիշ։
Լեհաստանի և Ուկրաինայի միջև հիմնական հակամարտությունը կապված է 1943–1945 թվականների Վոլինի կոտորածի հետ։ Այդ ժամանակահատվածում ՈւԱԲ-ի ստորաբաժանումները Վոլինում և Արևելյան Գալիցիայում իրականացրել են լեհ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանություններ։ Զոհ են դարձել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և տարեցներ։
Լեհաստանը այդ իրադարձությունները դիտարկում է որպես լեհ ժողովրդի ցեղասպանություն։ 2016 թվականին Լեհաստանի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Վոլինի կոտորածը որպես ցեղասպանություն։

