Բաժիններ՝

Վենետիկի նոր քաղաքապետը մտադիր է գրեթե տասը անգամ բարձրացնել զբոսաշրջային տուրքը

Վենետիկի քաղաքապետը հայտարարել է մեկօրյա զբոսաշրջիկների համար նախատեսված տարաձայնություններ առաջացրած մուտքի վճարը զգալիորեն բարձրացնելու ծրագրերի մասին՝ հասցնելով այն մինչև 30–50 եվրոյի, իսկ հեռանկարում՝ գերծանրաբեռնված որոշակի ժամանակահատվածներում, հնարավոր է նաև մինչև 50 եվրոյի։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Քաղաքի նորընտիր քաղաքապետ Սիմոնե Վենտուրինին, ով նախկինում զբաղեցնում էր զբոսաշրջության հարցերով խորհրդականի պաշտոնը, նշել է, որ այս միջոցառումն ուղղված է «զբոսաշրջային բարձր ճնշման» օրերին այցելուների հոսքի հետագա նվազեցմանը։

Վենետիկն արդեն մի քանի տարի է, ինչ փորձարկում է մեկօրյա այցելուների համար վճարովի մուտքի համակարգը։ 2024 թվականին քաղաքը դարձավ առաջինն աշխարհում, որտեղ ներդրվեց նմանատիպ վճար. սկզբնական շրջանում այն կազմում էր 5 եվրո և կիրառվում էր ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածի ամենածանրաբեռնված 29 օրերին։

2025 թվականին համակարգն ընդլայնվեց մինչև 54 օր, ընդ որում՝ ուշ ամրագրման դեպքում գումարը կրկնապատկվում էր։ Ընթացիկ տարում այս ռեժիմն արդեն ընդգրկում է շուրջ 60 օր։

Չնայած զբոսաշրջիկների ընդհանուր հոսքի վրա ունեցած ազդեցությունը սահմանափակ եղավ, համակարգի գործարկման առաջին տարում քաղաքը մոտ 2,4 միլիոն եվրոյի եկամուտ ստացավ։ Իշխանությունները կարծում են, որ այս մեխանիզմը ժամանակի ընթացքում կարող է օգնել հաղթահարել գերզբոսաշրջության խնդիրը մի քաղաքում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Վենտուրինիի խոսքով՝ ներկայիս վճարն «առայժմ միակ արդյունավետ գործիքն է այցելուների օրական քանակը վերահսկելու համար»։ Նա հավելել է, որ իշխանությունները առաջարկ են պատրաստում երկրի կառավարության համար, որպեսզի համակարգը դարձնեն ավելի ճկուն և առավելագույն ծանրաբեռնվածության օրերին կամ ամրագրումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում բարձրացնեն սահմանված վճարը ։

Վճարումը կատարվում է առցանց. զբոսաշրջիկը ստանում է QR կոդ, որը անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կետերում, այդ թվում՝ Վենետիկի Սանտա Լուչիա կայարանում։ Վճարումից ազատվում են քաղաքում գիշերող զբոսաշրջիկները, Վենետոյի շրջանի բնակիչները, ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխաները։ Այնուամենայնիվ, նույնիսկ հյուրանոցի ամրագրման առկայության դեպքում, այցելուները պարտավոր են գրանցել իրենց ժամանումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930