Գործարարների աշխատակիցներն ու համակարգված նվիրատվությունները. ովքեր և ինչպես ֆինանսավորեցին ՔՊ-ին 2025-ին. Infocom
Infocom. Գործարարների աշխատակիցներն ու համակարգված նվիրատվությունները. ովքեր և ինչպես ֆինանսավորեցին ՔՊ-ին 2025-ին
-Դուք գիտեի՞ք, որ Ձեր տղան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2.5 մլն դրամ է նվիրաբերել։
-Ո՞նց։ Ասա՝ եթե էդքան փող ունեիր, կեսը տայիր՝ ավտոս կսարքեի։
Սա հատված է Երեւանի բնակիչներից մեկի հետ մեր զրույցից։ Գուցե բնական է, որ հայրը տեղյակ չէ որդու ծախսերից, բայց սա առաջին անգամը չէ, երբ ընտանիքի մի անդամը խոշոր նվիրատվություն է կատարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և դա նրա հարազատների մոտ զարմանք ու հարցեր է առաջացնում։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 2025 թվականի ընթացքում ՔՊ-ին կատարած նվիրատվությունները ու փորձել գտնել դրանց հետագիծը։
Մայիսին մենք այցելել էինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2025 թվականի մարտի 3-4-ը 2.5-ական մլն նվիրաբերած մարդկանից յոթի հասցեներ։ Մի դեպքում դուռը բացող չեղավ, մեկ ուրիշ դեպքում՝ տան նոր բնակիչը նախորդ տիրոջ անունն անգամ չէր մտաբերում, և այսպես շարունակ։ Ներքուստ պատրաստ լինելով, որ մեր առանձնացրած վերջին նվիրատուի գրանցված հասցեում էլ մեզ դիմավորելու է նրա հետ կապ չունեցող նոր բնակիչ կամ առհասարակ դուռը չի բացվելու՝ հասանք յոթերորդ հասցե։ Մուտքի առաջ երկար սպասելու կարիք չեղավ․ մի տղամարդ սեփական քարտով բացեց դուռը, մենք էլ նրան շնորհակալություն հայտնելով մտանք շենք։ Պարզվեց՝ նույն հարկ ենք բարձրանում։ Վերելակից դուրս գալիս լռությունը առաջինը կոտրեց տղամարդը՝ հարցնելով, թե ում տուն ենք գնում։ Արամի (անունը փոխել ենք)՝ ասացինք։ Տարակուսած ճշտեց՝ Արամի՞։
-Այո, կարո՞ղ է Դուք եք Արամը,- կիսակատակ հարցրինք։
-Չէ, տղաս է,- պատասխանեց և ճշտելով, թե ով ենք՝ առաջարկեց զրույցը շարունակել տանը։
Այս պարզ հրավերով կոտրելով անպտուղ փնտրտուքների շղթան՝ մտանք ներս։
Առաջինը, որ արեցինք ներս մտնելուց հետո, տան չորս կողմը նայելով պատկերացնելն էր՝ կողմնակի դիտորդը կհավատա՞ր, որ այս տան բնակիչը կարող էր 2․5 մլն դրամի նվիրատվություն անել․ պատասխանն էր՝ ոչ, բայց հետո պարզեցինք՝ Արամն իր ընտանիքի հետ առաձին է ապրում՝ վարձով։
Ծնողների համար անակնկալ էր, որ իրենց որդու անունը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագրի» նվիրատուների ցանկում։
– Իսկ իր գործերը լա՞վ են,- հարցնում ենք՝ կտրելով եղանակի ու կենցաղային թեմաների շուրջ խոսակցությունը։
– Դե, եթե վարձով է ապրում, ուրեմն՝ հա,- պատասխանում է։ Մեր զրույցում ծնողները ենթադրեցին, որ տղան գուցե ընկերների օգնությամբ է հավաքել այդ գումարը։
– Դե, ինքը շրջապատով է, պատերազմի ժամանակ էլ էին օգնություն ուղարկում։ Եսիմ, երևի՝ հիմա էլ են միասին արել, հիմիկվա երեխեքը ամեն ինչ չեն ասում մեծերին, երեխեք ջան, իրանք ինչ ուզում՝ անում են,- ասում է զրույցին երբեմն-երբեմն մասնակցող մայրը։
– Մենք, կոպիտ ասած, ծերը ծերին ապրող մարդիկ ենք։ Ինքը մեզ ամեն ինչ չի ասում,- լրացնում է հայրը։ Հարցրինք՝ սատարո՞ւմ է «Քաղաքացիական պայմանագրին»։ Ասացին, որ քաղաքական թեմաներով առանձնապես չեն խոսում։
– Նվիրատության մասին առաջին անգամ լսեցի, ինքը ծախսող տղա ա, բայց էդքա՞ն,- ասաց հայրը՝ ավելի ուշ հավելելով,- բայց եթե ՔՊ-ին է արել՝ լավ է արել։ – Իսկ որտե՞ղ է աշխատում Արամը,- հարցրինք։
– Հիմնարկում, կարելի է ասել՝ փոխտնօրեն է։ Ալեքսանյանի հիմնարկում (խմբ․՝ Սամվել Ալեքսանյանի)։
Անունը հիշել չկարողացավ, բայց ասաց՝ «Ալեքս տեքստիլի» նման ընկերություն է։
Արամը ՔՊ-ի միակ նվիրատուն չէ, որը կապ ունի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Կրկին մարտին 4-ին ևս 2․5 մլն դրամ է փոխանցել «Էյչ բի գրուպ» ընկերության տնօրեն Հակոբ Բաբայանը։ Իսկ այս ընկերության սեփականատերը Սամվել Ալեքսանյանի որդին՝ Գագիկ Ալեքսանյանն է։
Մարտի 4-ին 2․5 մլն դրամի նվիրատվություն է կատարել նաև «Լեքս Դիստրիբյուշն» ընկերության տնօրեն Միքաել Մխիթարյանը։ Նա նույնպես Մալաթիա-Սեբիաստայից է։ Մխիթարյանի տնօրինած ընկերության հիմնադիրն Արամ Շարոյանն է, որի հայրը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքսանյան Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է՝ Հրաչյա Շարոյանը։
Նույնը օրը նույնչափ նվիրատվություն է կատարել Արմեն Եղինյանը։ Նրա ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերից պարզ է դառնում, որ Եղինյանը աշխատում է «Փարվանա» ռեստորանային համալիրում՝ որպես խոհարար։ Ռեստորանը պատկանում է «Փարվանա լիճ» ընկերությանը, որի սեփականատերն էլ Ալեքսանյանի կինն է՝ Շողերինա Մկրտչյանը։ Որպես հաճախորդ զանգահարեցինք ռեստորան՝ ճշտելու՝ Եղինյանն այնտե՞ղ է աշխատում, թե՞՝ ոչ։ Ընդունարանի աշխատակիցն ասաց, որ Արմենն իրենց շեֆ խոհարարն է, բայց դժվարացավ հիշել նրա ազգանունը։
Եղինյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում գտանք նույն օրը 2.5 մլն դրամ փոխանցած ևս երեք անձի։ Ընդհանրապես, այս և մոտ օրերի որոշ նվիրատուներ գրանցված են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ Ալեքսանյանի բիզնես և քաղաքական գործունեությունը ասոցացված է այս վարչական շրջանի հետ։ Հետաքրքիր է նաև այն, որ համաձայն Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների, այս նվիրատուներից երկուսի տները գրավադրված են։ Նրանք, սակայն, միակ գրավադրված տուն ունեցող նվիրատուները չեն։ Խոշոր նվիրատուներից ևս 2-ի տներն այդ կարգավիճակում են։
«Վեգա» խանութների ցանցի սեփականատեր Յուրի Աֆրիկյանը նույն շրջանում՝ մարտի 10-ին, կուսակցությանը փոխանցել է 1 մլն դրամ, իսկ հոկտեմբերի 13-ին՝ ևս 5 մլն դրամ։ 2010-ականների մամուլի հրապարակումներում ընկերությունը կապվել է Սամվել Ալեքսանյանինն է, թեպետ ինքը՝ Ալեքսանյանը հերքել է տեղեկությունը։

