Ավստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համար
Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի ևս 100 մլն ավստրալական դոլար (70 մլն ԱՄՆ դոլար)՝ զենք և զինամթերք գնելու համար։ Այս մասին հունիսի 19-ին հայտնել է Ավստրալիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։
Պաշտպանության գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկրի պաշտպանության նախարարության կայքում, նշվել է, որ հատկացված միջոցները կուղղվեն կենսական նշանակություն ունեցող ռազմական սարքավորումների ձեռքբերմանը՝ Prioritised Ukraine Requirements List (PURL) մեխանիզմի միջոցով, որը ստեղծվել է ՆԱՏՕ աջակցությամբ։
«Ավստրալիայի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 100 մլն ավստրալական դոլարի օգնություն՝ կենսական նշանակություն ունեցող ռազմական տեխնիկայի համար։ ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ Ավստրալիան աջակցում է Ուկրաինային՝ կենսական նշանակություն ունեցող ռազմական տեխնիկայով ապահովելու հարցում, ներառյալ հակաօդային պաշտպանության հնարավորություններն ու զինամթերքը», — նշվել է հրապարակման մեջ։

