Փորձել են 10 կիլոգրամ մարիխուանա իրացնել Հայաստանում. ձերբակալվածներ և կալանավորվածներ կան
Իրանի քաղաքացիները փորձել են 10 կիլոգրամ մարիխուանա իրացնել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական կեկամուտների կոմիտեն։
Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի հարակից տարածքից ձերբակալվել են ԻԻՀ քաղաքացիներ Հ․Ա․-ն և Մ․Թ-ն։
Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Պարզվել է, որ մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասը՝ 3 կիլոգրամը, ՀՀ տարածքում պետք է փոխանցվեր ՀՀ 2 քաղաքացու: Նրանք Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից ձերբակալվել և տեղափոխվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։
Իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող իրեր։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

