ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Վաշինգտոն՝ ակնկալելով նվազեցնել լարվածությունը Անկարայի գագաթնաժողովից առաջ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կվարի ամերիկյան ղեկավարության հետ՝ դաշինքի հուլիսյան գագաթնաժողովին ընդառաջ։
Euronews-ի տվյալներով՝ դաշնակիցները հույս ունեն նվազեցնել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հարաբերություններում ստեղծված լարվածությունը՝ ամիսներ տևած տարաձայնություններից հետո։
Բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկը կլինեն ջանքերը՝ ուղղված Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության վերականգնմանը՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ամերիկա-իրանական համաձայնագրի կնքումից հետո։
«Հորմուզի նեղուցով ազատ անցման վերականգնումը հսկայական քայլ կլիներ առաջ»,- Բրյուսելում լրագրողներին հայտարարել է Ռյուտեն։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի շատ երկրներ պատրաստ են աջակցել այդ նախաձեռնությանը, որը գլխավորում են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։
Ռյուտեի այցը ԱՄՆ նախատեսված է հունիսի 23–25-ին և անցնում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման ֆոնին, որը տեղի կունենա հուլիսի 7–8-ին Անկարայում։ Դաշինքում հույս ունեն, որ առաջնորդների հանդիպումը կանցնի ավելի կառուցողական մթնոլորտում, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը նվազեցրեց լարվածությունը մերձավորարևելյան հակամարտության շուրջ։
Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների՝ մինչև Թեհրանի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը, Իրանի շուրջ իրավիճակը պարբերաբար սուր վեճեր էր առաջացնում դաշինքի ներսում։ Աղբյուրները նշում են, որ գործարքի կնքումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովից առաջ գտնվում է ավելի բարենպաստ քաղաքական դիրքում։

