Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի քաղաքական ազդեցությունն այլ երկրների նկատմամբ նվազում է՝ այդ կոնտեքստում հիշատակելով նաև Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
«Ռուսաստանի քաղաքական ազդեցությունն այլ երկրների նկատմամբ նվազում է։ Ադրբեջան. նրանք անկախ են։ Հայաստան. երեկվա ընտրությունները դարձան մեծ հաջողություն Հայաստանի անկախության համար։ Ես նաև կարծում եմ, որ ռուսները կորցրել են Մոլդովան։ Իհարկե, նրանք չեն ցանկանում կորցնել Ուկրաինան, որովհետև անկախ և ազատ Ուկրաինան ամենամեծ և քաղաքականապես ամենավտանգավոր երկիրն է Ռուսաստանի համար։ Երբ Ուկրաինան միանա Եվրամիությանը, Պուտինը ներքին խնդիրներ կունենա տարբեր ժողովուրդների հետ, հատկապես Կովկասում։ Տարբեր ժողովուրդներ ամբողջ Ռուսաստանում հարցեր կբարձրացնեն»,- ասել է Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում։
Ուկրաինայի նախագահը հունիսի 8-ին շնորհավորել էր Հայաստանին ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի առթիվ։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։ Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։ ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին այլ քաղաքական ուժեր ևս։

