Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ և բարձր է գնահատել նրանց պատրաստակամությունը՝ առաջիկա շաբաթներին աշխատելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այս մասին Զելենսկին հայտնել է X-ում։
«Այսօր Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ ես խոսեցի Միացյալ Նահանգների նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Շատ դրական զրույց էր։ Ես շնորհակալ եմ նրանց պատրաստակամության համար՝ առաջիկա շաբաթներին հնարավորինս ակտիվ աշխատելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտությունը վերակենդանացնելու համար», – նշել է նա։
Զելենսկին հավելել է, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, սակայն, ըստ նրա, Եվրոպայում խաղաղությունը նույնպես կարևոր է։

