Քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն. Վահե Դավթյան
Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն:
Շարունակում են չափել իրականությունը իրավաբանական նորմերով՝ համառորեն անտեսելով քաղաքականության սկզբունքներն ու օրենքները:
Սա է պատճառը, որ հասարակության մոտ կարծրանում է այն կարծիքը, որ Հայաստանում փաստացի բացակայում է քաղաքական պայքարը:
Թերևս այն բացակայում էր նաև նախընտրական փուլում, երբ ընդդիմությունը սպիտակ ձեռնոցներով փորձում էր մրցել քաղաքական գիշատիչի հետ:
Կար մրցակցություն: Չկար պայքար:
Եվ ուրեմն էքզիստենցիալ, քաղաքակրթական նշանակության ընտրությունների մասին բոլոր հայտարարությունները դատարկաբանություն էին: Խոսույթի մակարդակում սահմանվել էի մի շրջանակ, որին դուք չէիք համապատասխանում:
Այսօր, այս պահին Երևանի ու այլ քաղաքների փողոցներն ու հրապարակները պետք է հեղեղված լինեին մարդկանցով: Պետք է բարձրացված լիներ համատարած անհնազանդության ալիք: Վստահեցնում եմ, դա ձեր իրավաբանությանը չէր խանգարի: Հակառակը՝ կամրապնդեր ձեր իսկ դիրքերը ինստիտուցիոնալ մակարդակում:
Բայց դուք նախընտրում եք չհանել ձեր սպիտակ ձեռնոցները:
Անկախ վերահաշվարկի արդունքներից, անկախ հնարավոր վերադասավորումներից՝ հարացուցային իմաստով բան չի փոխվելու: Որովհետև դուք շարունակելու եք զբաղվել իրավաբանությամբ, իսկ քաղաքական գիշատիչը՝ իր ուղիղ գործով՝ քաղաքականությամբ»:

