Մելոնին, Սթարմերը և Մերցը կքննարկեն Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման առաքելությունը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, նրա բրիտանացի գործընկեր Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ապրիլի 17-ին Փարիզում կքննարկեն Հորմուզի նեղուցում անխափան նավարկության ապահովմանը միտված եվրոպական առաքելության ստեղծման հնարավորությունը. հայտնում է իտալական La Repubblica թերթը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Փարիզի հանդիպմանը մասնակցելուն Մելոնիին դրդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած կոնֆլիկտը։ Վերջինս՝ Իրանի հետ պատերազմում Միացյալ Նահանգներին աջակցելուց խուսափելու մեղադրանք է ներկայացրել եվրոպական առաջնորդներին։
Թերթի պնդմամբ՝ Իտալիայի իշխանություններն ակնկալում են, որ առաջիկայում կհաջողվի հեռախոսազրույց անցկացնել Սպիտակ տան ղեկավարի հետ։Այն բանից հետո, երբ Մելոնին անընդունելի էր որակել Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին Թրամփի քննադատությունը՝ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հիասթափված է Իտալիայի վարչապետից, քանի որ նա «չի ցանկանում օգնել»։ Թրամփը նաև նշել էր, որ իր և Մելոնիի հարաբերությունները նախկինի պես չեն լինի։



