Մեծ Բրիտանիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի բացման հարցը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիները: Այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը՝ նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սթարմերի՝ Կատար այցի ընթացքում։
Նշվում է, որ Սթարմերը ներկայացրել է Պարսից ծոցի երկրների և ռազմական պլանավորողների հետ իր քննարկումները՝ կապված Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու անհրաժեշտության հետ, ինչպես նաև Բրիտանիայի ջանքերը՝ համախմբելու գործընկերներին և համաձայնության գալու նեղուցի բացման կենսունակ ծրագրի շուրջ։
Ինչպես նշել են Դաունինգ սթրիթում, քաղաքական գործիչները համաձայնել են, որ «այժմ, երբ գործում է հրադադարի ռեժիմը և նեղուցը բացելու համաձայնություն կա», սկսվել է լուծում գտնելու հաջորդ փուլը:
ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին: Կողմերը պետք է բանակցություններ վարեն Պակիստանում՝ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։



