Ավելի քան 60 երկիր միացել է Ինդոնեզիային՝ դատապարտելով Լիբանանում խաղաղապահների վրա հարձակումները
Տասնյակ երկրների դեսպաններ միացել են ՄԱԿ-ում Ինդոնեզիայի դեսպան Ումար Հադիին և համատեղ հայտարարություն են տարածել՝ «ամենախիստ կերպով դատապարտելով ՅՈՒՆԻՖԻԼ-ի ուժերի (Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր) դեմ շարունակական հարձակումները», այդ թվում՝ վերջերս Լիբանանում երեք ինդոնեզացի խաղաղապահների մահվան պատճառ դարձած հարձակումները։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Համատեղ հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ֆրանսիայից, Գանայից, Ինդոնեզիայից, Նեպալից և Լեհաստանից խաղաղապահներ են վիրավորվել Լիբանանի հարավում վերջերս տեղի ունեցած հարձակումների ժամանակ։
Երկրների ներկայացուցիչները նաև «խորը մտահոգություն են հայտնել Լիբանանում տիրող մարդասիրական իրավիճակի, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության շրջանում զգալի զոհերի, քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման և մեկ միլիոնից ավելի մարդկանց զանգվածային տեղահանման վերաբերյալ»։
ՄԱԿ-ը հայտարարել է, որ իր նախնական եզրակացությունները ցույց են տվել, որ խաղաղապահներից մեկը, հավանաբար, սպանվել է իսրայելական տանկային կրակից մարտի 29-ին, իսկ մյուս երկուսը սպանվել են մարտի 30-ին պայթուցիկ սարքից, որը, ՄԱԿ-ի գնահատմամբ, «ամենայն հավանականությամբ տեղադրված է եղել «Հեզբոլլահ»-ի կողմից»։
Մարտի 31-ի առավոտյան Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ տեղյակ են երկու միջադեպերի վերաբերյալ հաղորդագրություններից, և դրանք մանրակրկիտ ուսումնասիրվում են՝ պարզելու, թե արդյոք դրանք «Հեզբոլլահ»-ի թե իսրայելական բանակի գործողությունների արդյունք են։
ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ին համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Կողմերը պետք է Պակիստանում բանակցություններ վարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։ Իսրայելը հայտարարել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, և շարունակում է հարվածները։



