Եվրոպական գագաթնաժողովին ընդառաջ՝ Փաշինյանը հանձնարարել է Իսակովի պողոտայի մի հատվածի հրատապ նորոգում
Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 2-ի հանձնարարականով հրատապ կարգով կիրականացվի Մ-5 Երևան-Արմավիր-ՀՀ սահման (Ծովակալ Իսակովի պողոտա) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 1+334-կմ 7+041 հատվածի (աջ և ձախ գոտիներ) նորոգման աշխատանքներ։
Ինչո՞ւ հրատապ, քանի որ Երևանում 2026 թվականի մայիսի 4-ից 5-ը նախատեսվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համապատասխան նախագիծը նախօրեին տեղադրվել է կառավարության գրավոր քվեարկության հարցերի բաժնում։
Նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք․ «Միջին նորոգման ենթակա ճանապարհի երկարությունը կազմում է 11․4 կմ։ Ճանապարհի ֆինանսավորման համար նախագծով առաջարկվում է 2026 թվականի պետական բյուջեի 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21020 «Պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման համար Կառավարության ներքո հաստատված միջոցներից 1,118,025.2 հազար դրամը ( 1 միլիարդ 118 միլիոն 25 հազար 200 դրամ) հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Նախագիծը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
Սույն որոշման ընդունման արդյունքում կնորոգվեն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ՝ ապահովելով ավտոմոբիլային ճանապարհների երկարակեցությունը»։



