Իրանում պատերազմի մասին ԱՄՆ պատերազմի նախարարի պարծենկոտ պնդումները հակասում են իրականությանը․ The Washington Post
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է Իրանի դեմ պատերազմը ներկայացնել որպես լիակատար հաջողություն՝ դեռ երկուշաբթի հայտարարելով, որ Միացյալ Նահանգներն «անհավատալիորեն լավ» է գործում, իսկ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն ասում է, որ ամերիկյան ուժերը «նվաստացրել» են Թեհրանին։
ԱՄՆ պաշտոնյաների ու վերլուծաբանների խոսքով, սակայն, Իրանի՝ ամերիկյան F-15E կործանիչի խոցումը և դրան հաջորդած բարձր ռիսկային փրկարարական գործողությունը ցույց տվեցին, որ Թեհրանն իրապես վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների զինվորական անձնակազմի համար՝ կասկածի տակ դնելով Հեգսեթի՝ վերջին շաբաթներին տարածած վիճակագրությունը, որտեղ նա պարծենում էր, որ ԱՄՆ-ն «լիակատար վերահսկողություն ունի Իրանի երկնքի նկատմամբ»․ գրում է The Washington Post-ը։
Ամերիկացի օդաչուի քաոսային, սակայն հաջողված փրկարարական առաքելությունը դարձել է մինչ այժմ ամենաակնհայտ ցուցիչն այն բանի, որ Հեգսեթի՝ ԱՄՆ օդային գերիշխանության մասին պնդումները և պատերազմի մասին նրա հայտարարությունները չափազանց լավատեսական են և կարող են մոլորեցնել թե՛ ամերիկյան հանրությանը, թե՛ ԱՄՆ նախագահին։
«Փիթը ճշմարտությունը չի ասում նախագահին։ Արդյունքում՝ նախագահը կրկնում է մոլորեցնող տեղեկատվություն», – ասել է վարչակազմի պաշտոնյաներից մեկը։
Հեգսեթի հաղթական հռետորաբանությունը հակադրվում է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի հռետորաբանությանը․ Քեյնը չէր կարծում, որ ամերիկացի օդաչուները կարող են օգտագործել Իրանի օդային տարածքը՝ առանց թշնամու սպառնալիքների մասին մտահոգվելու։
Պենտագոնի և Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչներն, իրենց հերթին, հերքել են Հեգսեթին ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը միշտ տեղյակ է եղել ռիսկերից և պատրաստ է եղել դրանց։



