Պետական պարտքը մեծացրել են բանկային համակարգի և կենսաթոշակային ֆոնդերի միջոցով. Դավիթ Հայրապետյան
Դավիթ Հայրապետյանը գրում է. «Երեկվանից անընդհատ հանդիպում եմ «Հետք»-ի մի հոդվածի՝ վերջին տարիներին պետական պարտքի աննախադեպ աճի հետ կապված ու այս մի գրաֆիկը անընդհատ հանգիստ չի տալիս։ Ուշադիր նայելիս նկատում ենք, որ 2020-ից հետո ՀՀ պետական պարտքի աճը հիմնականում եղել է ոչ թե արտաքին, այլ ներքին պարտքի հաշվին։Այսինքն՝ «դուրս» (հավաքական Արևմուտք, Ռուսաստան, Չինաստան և այլք) մեզ դադարել էր պարտքով փող տալ։
Եթե նայենք 2020–2025 շրջանին, ապա պետական պարտքը դոլարով աճել է մոտ 8.0 մլրդից մինչև 14.5 մլրդ դոլար, այսինքն՝ մոտ 6.6 մլրդ դոլարով։ Այդ աճից մոտ 5.6 մլրդ դոլարը բաժին է ընկել ներքին պարտքին, և ընդամենը մոտ 1.0 մլրդ դոլարը՝ արտաքինին։ Այսինքն՝ աճի հիմնական բեռը եկել է ներսից վերցված պարտքի հաշվին։

Ավելին, եթե նույնը նայենք դրամով, պատկերը նույնիսկ ավելի խոսուն է․ 2020–2025-ին ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 1.38 տրլն դրամով, բայց այդ ընթացքում ներքին պարտքն աճել է մոտ 1.86 տրլն դրամով, մինչդեռ արտաքին պարտքը նույնիսկ նվազել է մոտ 483 մլրդ դրամով։ Այսինքն, պետական պարտքի զուտ աճը փաստացի ձևավորվել է ներքին պարտքի հաշվին։ (Հաշվարկը՝ ՀՀ ՖՆ պաշտոնական շարքի հիման վրա):
Բա որտեղի՞ց այդ ահռելի գումարը ներսում, որի հաշվին պետական պարտքը համարյա կրկնապատկվել է՝ կհարցնի շարքային քաղաքացին։ Այո՛, հաջորդ կարևոր հարցը սա է․ ո՞վ է տվել այդ պարտքը պետությանը։ Այստեղ պատկերը նույնպես բավական հստակ է։
2020-ի վերջից մինչև 2025-ի վերջ պետական պարտատոմսերում բանկերի ներդրումները աճել են մոտ 738 մլրդ դրամով, իսկ ոչ բանկային ներդրողներինը՝ մոտ 606 մլրդ դրամով։ Այսինքն, պետությունը գնալով ավելի շատ ֆինանսավորվել է հենց ներքին ֆինանսական համակարգից։ (Հաշվարկը՝ ԿԲ-ի «Investments in government bonds by residency» պաշտոնական շարքի հիման վրա)
Ոչ բանկային ներդրողների ներսում հատկապես կարևոր դեր ունեն կենսաթոշակային ֆոնդերը։ ԿԲ-ի 2024 թ. ֆինանսական կայունության զեկույցով՝ տարվա վերջում կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների 39.5%-ը տեղաբաշխված էր հայկական պետական պարտատոմսերում։
Ըստ էության, ներքին պետական պարտքի աճի հետևում կանգնած են նախ բանկերը, իսկ ոչ բանկային հատվածում՝ զգալի չափով նաև քաղաքացիների կուտակային կենսաթոշակային միջոցները։
Կարճ ասած՝ վերջին տարիներին Հայաստանը պետական պարտքը մեծացրել է հիմնականում ներսից պարտք վերցնելով։ Եվ այդ «ներսը» առաջին հերթին բանկային համակարգն է, իսկ հետո՝ նաև կենսաթոշակային ֆոնդերը։
Ինչպես վերջերս պաշտոնյաներից մեկը ասեց՝ սեփական ժողովրդից վերցված պարտքը պարտք չէ (հասկացիր, որ կարող են և չմարել):Սա թույլ է տալիս նաեւ նորովի նայել անկանխիկի օրենքին ու դրա առաջխաղացմանը, որը քաղաքացիներից հավաքվող միջնորդավճարների հաշվին բանկերին ահռելի եկամուտ ապահովեց, որը և վերջիններս մուծվեցին պետությանը»։



