Հռոմի Պապը դատապարտել է Փիթ Հեգսեթի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն պատերազմ է վարում «հանուն Քրիստոսի»
Հռոմի Լևոն XIV Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցած Ծաղկազարդի կիրակնօրյա քարոզի ժամանակ խստորեն դատապարտել է կրոնական հռետորաբանության կիրառումը պատերազմներն ու բռնությունն արդարացնելու համար։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Պոնտիֆիկը հայտարարել է, որ Աստված «չի լսում նրանց աղոթքները, ովքեր պատերազմներ են վարում, և ում ձեռքերն արյան մեջ են»։
Սրբազան Քահանայապետն ընդգծել է, որ Հիսուս Քրիստոսը «Խաղաղության թագավորն» է, և կոչ է արել համաշխարհային առաջնորդներին ուղիներ փնտրել հակամարտությունների դադարեցման և խաղաղության հաստատման համար, այլ ոչ թե կրոնն օգտագործել ռազմական գործողություններում զորահավաք իրականացնելու նպատակով։
Հռոմի Պապը բառացի չի հիշատակել կոնկրետ քաղաքական գործիչների, սակայն նրա խոսքերը հնչել են ամերիկյան որոշ պաշտոնյաների կրոնական երանգավորում ունեցող հայտարարությունների քննադատության ֆոնին։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի մասին է, ով վերջին շաբաթներին քրիստոնեական կերպարներ ու աղոթքներ է օգտագործել ռազմական գործողությունների համար։
Հեգսեթը, մասնավորապես, պնդել էր, թե ԱՄՆ-ի վարած պատերազմն իրականացվում է «հանուն Հիսուս Քրիստոսի»։
Նման հռետորաբանությունը մտահոգություն է առաջացրել Վատիկանում և կաթոլիկ առաջնորդների շրջանում, քանի որ այն հակասում է Եկեղեցու գլխավոր ուսմունքին, ըստ որի՝ քրիստոնեությունը չպետք է ծառայի որպես բռնության կամ գերիշխանության արդարացում։
Քարոզի ընթացքում Պոնտիֆիկը խորը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնյաների վիճակի վերաբերյալ, քանի որ շարունակվող ռազմական գործողությունները թույլ չեն տալիս հավատացյալներին նույնիսկ Սուրբ Զատիկ նշել։
Նա կոչ է արել դադարեցնել հարվածները և անհապաղ ջանքեր գործադրել խաղաղության հասնելու ու խաղաղ բնակչության հումանիտար տառապանքները մեղմելու ուղղությամբ։



