ԲԱ ԴՈՒ Ո՞Վ ԷԻՐ՝ ՄԵԽԻ ԳԼՈ՞ՒԽ ԷԻՐ ՏՂԱ ԵՍ՝ ՋԵՐՄՈՒԿԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԻՐ. ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ ընդդիմության ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ ստեղծելը ծայրահեղ անհրաժեշտություն է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանին միասնական ճակատով իշխանությունից հեռացնելը դարձել է հրամայական։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով հունիսի 7-ի ընտրություններում ՀԱԿ մասնակցության ձևաչափի մասին։

«Մասնակցության մեր բանաձևը հետևյալն է։ Մենք դեռ դեկտեմբերին հայտարարել ենք, որ մասնակցում ենք ընտրություններին, մեկուկես տարի առաջ և այս ընթացքում անընդհատ փորձում ենք մեծ կոալիցիաներ ստեղծել, տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդակցելով՝ մենք գտնում ենք, որ միասնական ճակատ ստեղծելը ծայրահեղ անհրաժեշտություն է առաջիկա ընտրություններին, բայց եթե դա չի էլ ստացվում (հուսամ՝ կստացվի), մենք, այնուամենայնիվ, պատրաստ ենք մեր ասելիքն ասելու, մասնակցելու կամ ավելի փոքր կոալիցիա ստեղծելու։ Հուսանք, որ մեծ կոալիցիա կլինի։ Հանդիպումները դեռևս շարունակվում են»,- պարզաբանեց ՀԱԿ փոխնախագահը։

Արամ Մանուկյանն ընդգծում է՝ առաջիկա ընտրություններն իրենց համար ամենևին սովորական ընտրություններ չեն, այլ երկրի ու պետականության պահպանման խնդրի մասին են.

Կարդացեք նաև

«Կա՛մ Նիկոլ Փաշինյանը մնում է, որով շարունակում է իր թուրքական վասալության գործընթացը, կա՛մ ազատագրվում ենք, և Հայաստանը դուրս է գալիս հայկական ուղի, ոչ թե ադրբեջանական ենթաուղի։ Հուսանք, որ էդպես կլինի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր պետականությունը մեր ձեռքից չգնա։ Մեզ համար դա բարձրագույն արժեք է. մենք կյանք ենք դրել այդ արժեքի, պետականության, սուվերենության, անկախության ու մեր հաղթանակների համար և մենք մեզ առաջամարտիկ ենք այդ գործում։ Հիմա կորսվում է, և այս վայրընթացը պետք է կանգնեցվի։ Դրա միակ լուծումն այս իշխանություններից ազատվելն է»։

Հիշեցնենք՝ մարտի 14-ին տեղի էր ունեցել ՀԱԿ 5-րդ (ՀՀՇ 23-րդ) համագումարը, որն ընտրել էր կուսակցության նոր վարչություն, իսկ ՀԱԿ փոխնախագահ էր վերընտրվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

ՀԱԿ փոխնախագահը հաղորդեց, որ համագումարն ընդունել է բանաձև, որտեղ շարադրված է կուսակցության հիմնական ասելիքն առաջիկա ընտրությունների վերաբերյալ և որը կընդարձակվի ու կբացվի որպես նախընտրական ծրագիր մինչև ապրիլի 20-ը՝ ՀԱԿ արտահերթ համագումարում, որի ընթացքում կներկայացվի Կոնգրեսի նախընտրական ծրագիրն ու մասնակցության ձևաչափն ԱԺ ընտրություններում։

Արամ Մանուկյանը նկատեց շատ հետաքրքիր մի խորհրդանշականություն, որ Կառավարության նիստերի այն նույն դահլիճում էր անցկացվում ՀԱԿ համագումարը, որտեղ 1990-ականների սկզբին ընդունվել են նորանկախ Հայաստանի Հանրապետության կարևորագույն պատմական որոշումները, և նույն ամբիոնից, որտեղից ընթերցվել էր Անկախության հռչակագիրը, համագումարի մասնակիցներն ու հրավիրյալ կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարել են միասնական ճակատով գործելու, պետականության պահպանման և Անկախության հռչակագրի արժեքներին տեր կանգնելու անհրաժեշտությունն ու իրենց պատրաստակամությունը։

Նրա խոսքով՝ հասարակությունն ու ժողովուրդը մինչև ընտրությունները պետք է ամբողջապես ճանաչի Նիկոլ Փաշինյանին, և այդ հարցում ամենաշատ օգնողը հենց Փաշինյանն է, բայց խնդիրն այն է, որ հեռավոր ու գյուղական շրջաններում ինֆորմացիան քիչ է հասնում, և շատերն անհաղորդ են մնում տեղի ունեցող իրադարձություններին։ Արամ Մանուկյանի տվյալներով՝ Փաշինյանն այս պահին ունի ընդամենը 10 տոկոս ռեյտինգ։

«Եթե այս երկու-երեք ամիսը ժողովրդին այդ ինֆորմացիան տրվի, թե իսկապես ինչ է անում էս տղեն մեր երկրի հետ, վստահ եմ՝ 5 տոկոս էլ կարող է չհավաքել, որովհետև գահավիժելով է գնում իր ռեյտինգը, և իր այս վերջին 10-15 օրվա իմպուլսիվ, անհավասարակշիռ, էմոցիոնալ, ոչ ադեկվատ բոլոր դրսևորումները գալիս են ապացուցելու, որ նա չի տիրապետում իրավիճակին, ինքը շփոթված է, նույնիսկ խուճապի նախանշաններ կան։ Իշխանությունն իսկապես խուճապի մեջ է, որովհետև բոլոր բնագավառներում ձախողված է»,- կարծում է ՀԱԿ փոխնախագահը։

Նա նկատում է՝ «խաղաղություն» բերողն այժմ «պատերազմ» է գուժում։ Մեր զրուցակցի կարծիքով՝ նա այսպիսի «խելառություններ» անում է հատկապես այն ժամանակ, երբ դրսում ունենում է անհաջողություններ։

Իսկ Անկախության հռչակագիրը «կոնֆլիկտի հռչակագիր» անվանելը, այդ տեքստը հնչեցրած Արամ Մանուկյանի խոսքով, «աննորմալություն է». «Առողջ և տրամաբանող մարդն էդպիսի բան չպետք է ասեր։ Ես շատ բժիշկների եմ դիմել՝ իմ ծանոթ, ընկեր բժիշկներին, որ հետևեն Փաշինյանի վարքին, իր ելույթներին, շարժուձևին, աչքերի, հայացքի շարժումներին, և բոլորն ասում են, որ ինքն ունի առողջական խնդիրներ, երևում է դա, ինքն ադեկվատ չէ։ Ինքն էլ երբեմն խոստովանում է, որ էմոցիոնալ է, ինքն իրեն չի կարողանում զսպել, խոստովանել է, որ «իրեն գժի տեղ է դրել», ասել է Բայրամովին, որ եթե հանկարծ այդ խնդիրները չլուծի՝ իրեն Հայաստանում «կսպանեն», իր ընտանիքի հետ կապված խնդիրները, մետրոյի միջադեպի հետ կապված անզսպությունը, իր անդաստիարակ ելույթները հուշում են, որ իր մոտ ամեն ինչ չէ, որ նորմալ է, և այդ սրացումները հատկապես վերջին օրերին են դիտվում։

Նման անհավասարակշիռ, անզուսպ մարդուն պարզապես չի կարելի վստահել երկրի կառավարումը, որովհետև սա կարող է բերել այնպիսի փորձանքների, որ հետո անգամ նորմալ իշխանությունը չկարողանա տակից դուրս գալ։ Նորմալ երկրներում ոչ մի իշխանություն նախորդի ընդունած օրենքները, միջազգային պայմանագրերը չի զրոյացնում»։

Մանուկյանը հավելում է՝ մեր ժողովուրդը երևի պատժվում է նրա համար, որ 2021-ին ընտրել է Փաշինյանին, և հուսով է, որ 2026-ի ընտրություններում կքավի իր այդ մեղքը։

Անցնելով Փաշինյանի՝ «նոր սեպտեմբերյան պատերազմով» կամ «աղետաբեր պատերազմով» մարդկանց վախեցնելու այս վերջին օրերի հայտարարություններին, ինչպես նաև՝ նախկին երեք նախագահների ու նրանց ղեկավարած ուժերի հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ ՀԱԿ փոխնախագահը պատասխանում է.

«Չեմ ուզում զայրանամ, անթույլատրելի բառեր կիրառեմ։ Բառերը կան, մեր բառարաններում համապատասխան բառերը կան, միկրոֆոններն անջատենք՝ կասեմ, բայց եթերի համար դրանք կիրառելի չեն։ Սա աննորմալություն է, և սա ցուցմունք է Հայաստանի դեմ։ Սա ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ է, ոչ թե Կոնգրեսի դեմ է, այլ ցուցմունք է՝ Ադրբեջանի պահանջով։

Կրկնում եմ՝ սա Ադրբեջանի պահանջն է, որով Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «շարժումն ավանտյուրա էր», որ 1988 թվականի ազգային-ազատագրական շարժումը «պատմական չէր», «պատահական էր», «ավանտյուրա էր»,«թելադրված էր», չգիտեմ՝ ով էր թելադրել՝ ԿԳԲ-ն կամ Ստալինը, կամ Խրուշչովը, և մենք այդ «ավանտյուրան» կուլ ենք տվել, դրա արդյունքում հաղթանակներ ենք տարել, պատերազմ ենք հաղթել, պետություն ենք կառուցել, ռեֆորմներ ենք իրականացրել… Ինքն էնքան է կեղծում, որ ստիպված է կեղծել և՛ պատմությունը, և՛ ներկան։ Ինքը չգիտի՞, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի շարժումը սկսել։ Շարժումը սկսվել է Ստեփանակերտում 1988 թ. փետրվարի 20-ին՝ ԼՂԻՄ մարզխորհրդի հայտնի որոշմամբ, երբ Հայաստանում բոլորս քնած էինք, չգիտեինք՝ ինչ է կատարվում…»։

«Ասում է, որ «դա ապօրինի շարժում է եղել», «ավանտյուրա է եղել», մի ուրիշ տեղ էլ ասում է, որ «մենք չթողեցինք, որ Ղարաբաղի ժողովուրդը հանգիստ ապրի. խառնակչություն ենք արել և ըմբոստություն ենք կազմակերպել, որ Արցախի ժողովուրդն ըմբոստանա…»։

Նույն բառերը կրկնել է Ալիևը։ Որ ասում եմ՝ ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ, սա նկատի ունեմ։ Չկա ազգային շարժում, չկա զարթոնք, հետո չի լինելու Անկախության հռչակագիր, անկախություն, մենք «մեղավոր» ենք լինելու, մենք «հանցագործ» ենք լինելու, որ ՀՀ անկախությունը հռչակել ենք կամ անկախություն ենք ձեռք բերել Հայաստանում։ Սա հիվանդ մարդու կամ, բառացիորեն կարող եմ ասել՝ թշնամու արած է մեր ժողովրդի գլխին։ Սա իսկապես պատուհասություն է»,- վրդովված հավելեց Արամ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է պատերազմով սպառնալուն՝ Արամ Մանուկյանը համոզված է, որ Փաշինյանը փոխանցում է ուրիշի ասածը.

«Ուրիշն իրեն խնդրել է այս հայտարարել՝ ասա քո ժողովրդին՝ եթե քեզ չեն քվեարկում, ապա ես սկսում եմ սեպտեմբերին։ Ակնհայտորեն ինքը խոսափողն է ուրիշի»։

ՀԱԿ փոխնախագահը նաև նկատում է՝ Նիկոլը գիտի, որ պատերազմ է սկսվելու, և կրճատում է բանակը, պաշտպանության բյուջեն, և այլն։

«Գիտեք, պատի հետ կամ խուժանի հետ վիճելը, նրան ինչ-որ բան բացատրելը շատ ավելի դժվար է, քան, երբ դիմացինդ բանական մարդ է, տրամաբանող մարդ է, ծրագրեր է ասում, կարծիքներ է ասում։ Ինձ համար շատ դժվար է Նիկոլի ասածների դեմ խոսելը, դա համարյա նույնն է, որ ապացուցես, որ դու ուղտ չես։ Քարին, փայտին, հիմարին ո՞նց բացատրես, որ՝ ասածներդ ամենևին իրականության հետ կապ չունեն։ Մեր կուսակցությունը 35 տարի շարունակ ամենից շատ խոսել է խաղաղության մասին, մեզնից ավելի շատ «խաղաղություն» տերմինը կիրառող չի եղել, ընդ որում՝ շատ ուղիղ։

Այս երիտասարդը, որի մասին խոսում եք, բերել է երեք պատերազմ, բերել է 5000 զոհ, բերել է երեք հազար տարվա հայկական տարածքը դատարկելու, ցեղասպանական գործընթացի, և ինքը դա անելու համար մեղադրում է իր դիմացիններին։ Այստեղ է ցինիկությունն ու լպիրշությունը։ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարնը ինքն է, ամբողջ զորքերն իրեն ենթարկվում են, տիրապետում է ամբողջ իշխանությանն ու տեղեկատվությանը և հայտարարում է, որ այդ ամենի կորստի մեղավորներն ուրիշ են։

Ես նրա դեմ ի՞նչ խոսեմ։ Բա դու ո՞վ էիր՝ մեխի գլո՞ւխ էիր, ենթասպա՞ էիր բանակում։ Լկտիորեն հայտարարում ես, որ էս ժողովուրդը խուսափել է, փախել է։ Էս հերոսական ժողովո՞ւրդը։ Էդ նույն ժողովուրդը էդ ո՞նց եղավ՝ 92-ին հաղթեց, 93-ին հաղթեց, 94-ին հաղթեց, ապրեց, ծաղկեցրեց Լաչինը, Քարվաճառը, մնացած տարածքները։ Էդ ո՞նց եղավ, որ քո օրոք Արցախի ամբողջ ղեկավարությունը նաև քո լուռ համաձայնությամբ Բաքվի բանտերում է, ու դու նրանց ասում ես՝ ճողոպրե՞լ են։ Ղարաբաղի էլիտան փախավ Ղարաբաղից Բաքվի բանտե՞րը։ Ո՞ւր է տրամաբանությունը։ Եվ ինքն էնքան լկտիություն ունի, որ մյուսներին վերագրում է «պատերազմի հրձիգներ» արտահայտությունը, ինքն էլ խաղաղության բերո՞ղն է։ Տղա ես՝ Ջերմուկի տարածքների մասին խոսիր, միջազգային կառույցներում ելույթ ունեցիր, գնա՝ Բաքվի 23 բանտարկյալների մասին խոսիր»,- հավելում է Արամ Մանուկյանը։

Իսկ Փաշինյանի չորեքշաբթի օրվա՝ մարտի 25-ին Ազգային ժողովում արված մեկ այլ ուշագրավ հայտարարության մասին՝ «մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թվին, դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն», Արամ Մանուկյանը նշում է՝ «դա հանգիստ կարող է դառնալ պետական դավաճանության հոդված»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031