Բաժիններ՝

ՀՀ-ում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է. ՀՀ վիճակագրական կոմիտե

Հայաստանում 2026 թվականի առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է եղել 7.4 տոկոսով: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Փետրվարին այն 4.5 տոկոսով գերազանցել է հունվարի և 7.2 տոկոսով՝ 2025 թվականի փետրվարի ցուցանիշը:

Դիտարկվող ժամանակահատվածում առավել մեծ աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ 20.5 տոկոս: Շինարարության ծավալը գնահատվում է 53 մլրդ 953.7 մլն դրամ: Փետրվարին՝ մեկամսյա կտրվածքով աճը 40.7 տոկոս է, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 21.8 տոկոս: Փետրվարին իրականացվել է 31 մլրդ 691.7 մլն դրամի շինաշխատանք:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին 17.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը՝ կազմելով 491 մլրդ 479.4 մլն դրամ: Փետրվարին՝ հունվարի համեմատ աճը 12.2, իսկ նախորդ տարվա փետրվարի՝ 23.8 տոկոս է: Ձմռան վերջին ամսին արտադրվել է 261 մլրդ 938.8 մլն դրամի արդյունաբերական արտադրանք:

Առևտրի շրջանառությունը հունվար-փետրվարին 3.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը՝ հասնելով 892 մլրդ 247.1 մլն դրամի: Փետրվարին՝ աճը հունվարի համեմատ եղել է 14.4, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 5.6 տոկոս: Փետրվարին իրականացվել է 477 մլրդ 502.6 մլն դրամի առևտուր:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) հունվար-փետրվարին 7.2 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշը՝ կազմելով 630 մլրդ 310.5 մլն դրամ: Փետրվարին՝ հունվարի համեմատ նվազել է 1.7 տոկոսով, սակայն 7 տոկոսով գերազանցել է 2025-ի փետրվարի ցուցանիշը: Փետրվարին ծառայությունների ծավալը գնահատվում է 312 մլրդ 319 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը հունվար-փետրվարին 4.1 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Փետրվարին՝ հունվարի համեմատ աճել է 0.5, իսկ նախորդ տարվա փետրվարի՝ 4.3 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-փետրվարին 9 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Փետրվարին՝ հունվարի համեմատ աճել է 1.4, իսկ 2025-ի փետրվարի՝ 9.5 տոկոսով:

Երկրում այս տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 1 մլրդ 823.9 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 7.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Փետրվարին՝ հունվարի համեմատ արտադրությունը նվազել է 24.4, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 4.7 տոկոսով: Փետրվարին արտադրվել է 785.4 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա:

Սույն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (դեկտեմբեր՝ 970, հունվար՝ 879.5, փետրվար՝ 824.1) այն ևս ներառված չէ:

Հաշվետու ժամանակաշրջանում գյուղատնտեսության համախառն արտադրանքի և միջին ամսական անվանական աշխատավարձի ծավալի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031